չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ուսումնասիրում ենք՝ արդյոք գերիշխող դիրքի չարաշահում կա՞, թե՞ ոչ. Գևորգյանը՝ ձվի շուկայի մասին

Ուսումնասիրում ենք՝ արդյոք գերիշխող դիրքի չարաշահում կա՞, թե՞ ոչ. Գևորգյանը՝ ձվի շուկայի մասին

Այս տարի ապրանքների գներն աճել են հիմնականում կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին Azatutyun.am–ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, խոսելով իրենց կատարած ուսումնասիրությունների մասին, ասաց Տնտեսական մրցակցության մշտական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա, անդրադառնալով հավի ձվի գնի 78,2 տոկոս բարձրացմանը, նշեց, որ հավի կերի ներկրման գինն էականորեն բարձրացել է և գուցե դրա հետ է կապված։ ՛՛Եթե լինի հակամրցակցային համաձայնություն, կամ խոշորի կողմից արհեստական դեֆիցիտ, դա նույնպես ուսումնասիրում ենք։ ՏՄՊՊՀ–ն արդեն իր անելիքն անում է՛՛,– ասաց Գևորգյանը:

Նա հիշեցրեց նաև, որձվի թանկացման հարցով արդեն վարույթ է հարուցված։

Գևորգյանի խոսքով՝ ուսումնասիրում են, թե արդյոք գերիշխող դիրքի չարաշահում կա՞, թե՞ ոչ. ուսումնասիրության արդյունքները հայտնի կլինեն 90 օր հետո։

՛՛Եթե մենք տուգանելու ենք, միևնույն է, դուք թանկ ձու առել էիք, այսինքն՝ ես տասը օր հետո կտուգանեմ, թե 40 օր հետո, ձեր կյանքում մեծ հաշվով բան չի փոխվելու։ Երեք օրում տուգանելը նոնսենս է, պետք է վարույթ արվի, տվյալներ հանվեն, վերջը տնտեսվարողն էլ պաշտպանվելու իրավունք ունի, հակառակ պարագայում տպավորություն է, որ այս երկրում ով տնտեսվարող է, պետք է սկսենք այս մարդկանց տուգանել, իսկ եթե օբյեկտի՞վ է գնի բարձրացում՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ տնտեսվարողները պետք է ապացուցեն, թե թանկացումը օբյեկտի՞վ է, թե ոչ։

Նա նաև ասաց. ՛՛Աբսուրդ է հանձնաժողովից ակնկալել, որ որևէ ապրանքի խնդիր ենք լուծելու բնակչության համար՛՛:

Գևորգյանի խոսքով՝ գինը շուկան է որոշում, իսկ իրենք չարաշահումներն են զսպում։

Նա խոսեց նաև բենզինի շուկայի մասին՝ ասելով, որ Հայաստանում մենաշնորհ դիրք ունեցող չկա, այլ հակառակ պրոցեսն է տեղի ունենում․ նախկինում խոշոր մասնաբաժին ունեցող բենզին ներկրողների ծավալը կրճատվում է։

Անդրադառնալով բենզինի գնի բարձրացմանը՝ նա նշեց. ՛՛Շա հասարակ է դրա պատասխանը, 6–7 ամիս է՝ ասում ենք, որ բենզինի շուկայում գները բարձրանալու են, և դա ամբողջ աշխարհում է, իսկ Հայաստանը բենզին ներկրող երկիր է, և Հայաստան մտնում է տարբեր գների բենզին, և մենք բարձրացման համաչափությունն ենք նայում՛՛։

Գևորգյանն անդրադարձավ նաև ձեթի շուկային: Թանկացման վերաբերյալ նա ասաց, որ ձեթը ներկրվող ապրանք է, և կորոնավիրուսի պատճառով է եղել թանկացում, իսկ կարագի գներն իջել են։ Նա նշեց, որ կաթնամթերքի շուկայում ուսումնասիրություն են կատարում։

 

  • Կիսվել: