Իրանի փլուզումը քաոսի կհանգեցնի. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ–ում
Իրանի փլուզումը կարող է լայնածավալ աղետի և քաոսի հանգեցնել ամբողջ Մերձավոր Արևելքում, իսկ ապակայունացման հետևանքները կազդեն տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների, այդ թվում՝ Հայաստանի վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում կայուն պետություններ և իրական խաղաղություն կառուցելու, հետագա արմատականացումը կանխելու, մշակութային բազմազանությունը պահպանելու և ազգային փոքրամասնությունները պաշտպանելու համար կարևոր է ապահովել Իրանի և Սիրիայի կայունությունն ու համահունչ զարգացումը:
«Այս պետությունների փլուզումը կհանգեցնի քաոսի տարածաշրջանից շատ ավելի հեռու՝ հրահրելով ինքնորոշման շարժումների նոր ալիքներ և ազգային սահմանների անխուսափելի վերանայում: Նման սցենարում մենք ոչ թե խոսելու ենք փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, այլ գոյություն ունեցող պետությունների փլուզումը կանխելու մասին»,– նշել է Գևորգյանը։
Ըստ նրա` Մերձավոր Արևելքին առնչվող որոշ կարևոր որոշումներ կկայացվեն դրանից դուրս, բայց հետևանքների հետ ստիպված կլինեն ապրել ավելի լայն տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդները:
«Ահա թե ինչու մենք պետք է իրավիճակը գնահատենք առավելագույնս իրատեսորեն և ձեռնարկենք ամենազգույշ քայլերը՝ լարվածությունը նվազեցնելու համար»,– ընդգծել է Գևորգյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Նա ընդգծել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփն աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։


