երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ունենք հավելյալ միջոցների կարիք. Ավանեսյանը՝ օֆերտայի սկզբունքով բուժսպասարկման մասին

Ունենք հավելյալ միջոցների կարիք. Ավանեսյանը՝ օֆերտայի սկզբունքով բուժսպասարկման մասին

Առողջապահության նախարարությունն ունի տարեկան բյուջե, որի շրջանակում իրականացնում ենք օֆերտայի սկզբունքով ֆինանսավորում: Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի տարեկան բյուջեի, այլ ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի շրջանակում ամբողջ հանրապետության համար: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով 2024 թվականի հունվարի 1-ից գործող՝ պետպատվերի շրջանակում բժշկական ծառայությունների մատուցման համակարգին: 

«Երեք ամիսների շարժը գնահատել ենք, ունենք որոշակի ծրագրերով տարեկան բյուջեից հավելյալ միջոցների կարիք»,- ասաց նախարարը:

Հարցին՝ օֆերտայի սկզբունքով ֆինանսավորումը բյուջեի մասով խնդիրներ չի՞ առաջացնի, քանի որ կարող են չարաշահումներ լինել ոլորտում, Ավանեսյանը պատասխանեց՝ եղել է նման կանխատեսում:

«Կանխատեսում էինք, որ կլինեն նաև գերակատարումներ: Այդ գերակատարումների տենդենցը վերլուծվել է: Այս մասով մենք հանդիպում կունենանք ֆինանսների նախարարության հետ, և Կառավարությունը կորոշի, թե ինչպես կներդրվի հերթագրման համակարգը, և հավելյալ ինչքան միջոցներ կհատկացվեն»,- ասաց նախարարը:

Ըստ Ավանեսյանի՝ նաև կանխատեսել էին, որ 2024 թվականի բյուջեով նախատեսված, նախորդ տարվա կատարողականով ֆիքսված միջոցները որոշ ծառայությունների գծով կգերակատարվեն մինչև 20 տոկոսի չափով:

  • Կիսվել: