կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տուժած բիզնեսին միջոցներ տրամադրելն օրհասական խնդիր է. նախարարը՝ վարչապետի ճանապարհային քարտեզի մասին

Տուժած բիզնեսին միջոցներ տրամադրելն օրհասական խնդիր է. նախարարը՝ վարչապետի ճանապարհային քարտեզի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համավարակի և պատերազմի հետևանքով տուժած բիզնեսներին լրացուցիչ միջոցներ տրամադրելը համարում է կարևոր ու օրհասական խնդիր՝ մատնանշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից հատկապես մեկը՝ տնտեսական ակտիվության վերականգնում, կորոնավիրուսի, պատերազմի տնտեսական հետևանքների չեզոքացում: Քերոբյանն այս մասին խոսել է «Հեռանկար»-ի շրջանակում տված հարցազրույցում:

Նախարարը համաձայնեց, որ կորոնավիրուսի և պատերազմի պատճառով տուժած բիզնեսներին աջակցություն շատ է պետք: Նա վստահեցրեց, որ օր ու գիշեր աշխատում են նրա վրա, որ գտնեն ֆինանսական միջոցներ և ավելացնեն լիկվիդայնությունը շուկայում: «Մենք խոսում ենք նոր ներդրումների մասին, բայց չպետք է մոռանանք այն բազմաթիվ բիզնեսմենների մասին, որոնք վաղուց արդեն հավատացել են Հայաստանին, արել են իրենց ներդրումները և 2020-ին իսկապես շատ են տուժել, և տուժել են ոչ թե նրա պատճառով, որ վատ բիզնեսմեն էին, այլ բացարձակ օբյեկտիվ պատճառներով: Համաճարակը ստիպել է բոլորին կանգնել, աշխարհի բիզնեսների 90 տոկոսը վատ արդյունքներ է ցույց տվել 2020-ին: Հիմա, մենք լավ հասկանում ենք, որ այդ ընկերություններին լրացուցիչ միջոցներ տրամադրելը շատ կարևոր ու օրհասական խնդիր է: Եվ դա նաև արտացոլված է վարչապետի նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզում, որտեղ ինքը մասնավորապես նշել է, որ պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսական ակտիվությունը վերականգնենք և կորոնավիրուսի, պատերազմի տնտեսական հետևանքները չեզոքացնենք»,-ասաց նախարարը:

Նա կարևորեց նաև աջակցության արագությունը՝ վստահեցնելով, որ փորձում են հնարավորինս բարձր տեմպ հաղորդել իրենց աշխատանքին: Իհարկե, չեն էլ կարող օրենքը խախտել, կան որոշակի սահմանափակումներ: Քերոբյանը, սակայն, հավատացրեց, որ թե ինքը, թե իր թիմը ամբողջությամբ հասկանում է իրավիճակի սրությունը: «Եվ փորձում ենք ուժերի գերլարումով օր առաջ մեր պրոդուկտները մտցնել շուկա, դա կարող է լինել թե փողային, թե ոչ փողային, սակայն պրոդուկտներ, որոնք կարող են այսօր էական փոփոխություններ մտցնել բիզնեսմենների և մյուս մարդկանց կյանքում»,-ասաց նա:

  • Կիսվել: