ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Թումո»-ի նոր նախագիծը՝ կենտրոնում կարիերա կառուցելու նոր հնարավորություն

«Թումո»-ի նոր նախագիծը՝ կենտրոնում կարիերա կառուցելու նոր հնարավորություն

Այսօր՝ փետրվարի 27-ին, Թումո Երևանում տեղի ունեցավ Թումո ակադեմիա ծրագրի մենկարկը։ Վեցամսյա կրթական ծրագրի նպատակն է 21 տարեկանը լրացած անձանց տրամադրել Թումոյում նոր մասնագիտություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու հնարավորություն։ Ծրագիրը ներկայացրին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը և Թումո ակադեմիա ծրագրի ղեկավար Նարինե Դավթյանը։ 

Թումո ակադեմիան կտրամադրի ուսուցում Թումոյի նորարարական ոլորտներում և ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողներին կապահովի աշխատանքով Թումոյի մարզային կենտրոններում։ Առանց նախնական մասնագիտական փորձի՝ մասնակիցները կապահովվեն կրթաթոշակով և կստանան ինտենսիվ կրթություն, իսկ բարեհաջող ավարտելով՝ կմիանան Թումոյի թիմին որպես դասընթացավարներ: Ծրագիրն իր առաջին փուլում կկենտրոնանա Կապան, Կողբ և Դիլիջան համայնքների Թումո կենտրոնների համար դասընթացավարներ պատրաստելու վրա, իսկ հետագայում` Թումոյի ընդլայնմանը զուգահեռ կգործարկվի բոլոր մարզերում: 

«Մենք այսօր հայտարարում ենք մի նախագիծ, որի արդյունքները տեսնելու ենք տասնամյակներով։ Ընդլայնելով մեր աշխարհագրությունը ՀՀ-ի մարզերում ու Արցախում՝ նպատակ ենք դնում բոլոր պատանիներին տալ հավասարապես որակյալ, առաջադեմ կրթություն։ Անկախ նրանից՝ պատանին Թումոյի քաղաքային կենտրոն է հաճախում, թե գյուղական համայնքի Թումո տուփ՝ նրա ստացած կրթության բովանդակությունն ու որակը պետք է նույնը լինի: Այդ նպատակին հասնելու համար մեզ հարկավոր է կառուցել հարյուրավոր մասնագետներից կազմված հզոր թիմ` մարզիչներ, դասընթացավարներ, կենտրոնների ղեկավարներ»,- ծրագիրը ներկայացնելիս նշեց Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։ «Թումո ակադեմիայի ուսանողները և՛ դինամիկ ձևով ձեռք կբերեն մրցունակ, ժամանակակից մասնագիտություն, և՛ կապահովվեն աշխատանքով, և՛ կնպաստեն ՀՀ մարզերի զարգացմանը»,- հավելեց նա։ 

Թումո ակադեմիան երկրով մեկ հնարավորություն կտա իր մասնակիցներին սովորել և սովորեցնել, ձեռք բերել նոր մասնագիտություն, մնալ համայնքներում և աշխատել Թումոյի նորարարական կրթական միջավայրում: Գործարկման առաջին փուլում այն կտրամադրի ուսուցում ութ ոլորտներում՝ երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և ստեղծագրություն։  Հետագա փուլերում նախատեսվում է պատրաստել դասընթացավարներ Թումոյի կրթական բոլոր 14 ոլորտներում` այժմ աշխատող և մոտակա տարիներին գործարկվող մարզային կենտրոնների, ինչպես նաև Թումո Երևանի համար։

«Ակադեմիայի ուսանողների հետ է աշխատելու մեր դասընթացավարների փորձառու թիմը: Թիմում են ոլորտի լավագույն մասնագետներ` թե՛ Թումոյում դասավանդման տարիների փորձ ունեցող մեր գործընկերները, թե՛ մեզ նոր միացած էքսպերտներ: Մշակելով ծրագրի բովանդակությունը` նրանք կփոխանցեն Թումոյի կրթական մեթոդաբանության յուրահատկությունները Ակադեմիայի ուսանողներին»,- նշեց ծրագրի ղեկավար Նարինե Դավթյանը:

Ծրագրին միանալու համար միակ նախապայմանը 21 և ավելի տարեկան լինելն է։ Մինչ 2023-ի ապրիլի 1-ը լրացնելով հարցաթերթիկ առցանց academy.tumo.org կայքում՝ առաջին խմբի դիմորդները կանցնեն նախնական ընտրության, հարցազրույցի և առաջադրանքի փուլերը և, դրանք հաղթահարելու դեպքում, կսկսեն ուսուցումը 2023-ի մայիսից։ Ծրագրի առաջին եռամսյակը հաջողած ուսանողները կանցնեն գործնական փուլ սեպտեմբերից և կդառնան Թումոյի թիմի լիարժեք աշխատակիցներ 2023-ի դեկտեմբերից։ Բոլոր մասնրամասները՝ academy.tumo.org կայքում։

 

  • Կիսվել: