շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՏՏ ոլորտի առաջատար դեմքերը՝ մեկ հարկի տակ. կայացավ Yerevan Tech Forum 2022-ը

ՏՏ ոլորտի առաջատար դեմքերը՝ մեկ հարկի տակ. կայացավ Yerevan Tech Forum 2022-ը

Skill-Event Marketing Company–ն Yerevan Tech Forum 2022 միջոցառման շրջանակում մի հարկի տակ էր հյուրընկալել ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններին, պետական կառույցների ներկայացուցիչներին։ Ռալֆ Յիրիկյանը, Բեկոր Փափազյանը, Վահան Քերոբյանը և այլք քննարկեցին անցումային ժամանակաշրջանում  բիզնես գործընթացների փոխակերպումների անհրաժեշտությունն ու հնարավորությունները, ոլորտի մարտահրավերները և արդիական այլ հարցեր:

Միջոցառման կազմակերպիչ Skill-Event Marketing Company–ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը Tert.am -ի հետ զրույցում նշեց՝ հատկապես այսօր նման ֆորումները՝ որպես networking հարթակ միջազգային և տեղական շուկայի մասնագետների և հետաքրքրված անձանց համար, շատ կարևոր են։

«Փետրվարի հայտնի իրադարձություններից հետո մենք ստացանք մի իրավիճակ, երբ Հայաստան եկան մեծ քանակությամբ թվային տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, ընկերություններ, բայց սա սպասելի և կանխատեսելի չէր: Մենք որոշեցինք կազմակերպել այս միջոցառումը և արձագանքել այս իրավիճակին»,- ասաց Սերգեյ Ուսնունցը:

Սերգեյ Ուսնունցի խոսքով՝ պետք է օգտվել ընձեռնված հնարավորությունից՝ Երևանը դարձնելու տեխնոլոգիան մայրաքաղաք:

  • Կիսվել: