ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այլընտրանք Վերին Lարսին. ծովային ճանապարհով Բաթումի-Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման մեկնարկը տրված է

Այլընտրանք Վերին Lարսին. ծովային ճանապարհով Բաթումի-Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման մեկնարկը տրված է

Հայաստանից դեպի Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման կազմակերպումը Վերին Լարսով ոչ միշտ է սահուն անցնում։ Բավական են եղանակային անբարենպաստ պայմանները, մեքենաների հոսքի ավելացումն ու խցանումներն ապահովված են։ Բեռնատարները կարող են շաբաթներով կանգնած մնալ ճանապարհին։ Արդյունքում՝ գործարարները զգալի տուժում են թե ժամանակի, թե ֆինանսական առումով։

Պատկան մարմինները տևական ժամանակ քննարկումներ են անցկացնում՝ փորձելով առաջարկել այլընտրանք, այն է՝ ծովային ճանապարհը։ Այդ գործընթացը կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից որպես օպերատոր ճանաչվել էր «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը։ Այն արդեն ապրիլից սկսել է ծովային ճանապարհով բեռնափախադրումը Նովոռոսիյսկ-Բաթումի, Բաթումի- Նովոռոսիյսկ ուղղությամբ։ Բեռնափոխադրումները պետք է իրականացվեն պետության սուբսիդավորմամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանը նշեց, որ նշված ուղղություններով արդեն երկու անգամ բեռնափոխախադրում իրականացվել է։

«Այսօրվա դրությամբ մեր նավը կարող է տեղափոխել 350 կոնտեյներ։ Ապրիլի 18-ին մենք առաջին բեռնափոխադրումը բարեհաջող կատարել ենք։ Նախատեսում ենք այնպես անել, որ շաբաթական մեկ կանոնավոր փոխադրում իրականացվի  Նովոռոսիյսկ-Բաթումի և հակառակ ուղղությամբ։ Պահանջարկին զուգահեռ կարող ենք ավելացնել փոխադրումների քանակը 2 կամ 3 անգամ, որքան անհրաժեշտ կլինի։ Հիմա ամենակարևորը շաբաթը մեկ անգամ կանոնավոր, կայուն փոխադրում իրականացնելն է»,-ասաց Դավիթ Էլոյանը։

«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության տնօրենը հավաստիացնում է, որ բեռնափոխադրումների այս տարբերակը բավական ձեռնտու կարող է լինել բազմաթիվ գործարարների համար։ Բեռները սահմանված տեղ հասնում են 20-24 ժամվա ընթացքում։ Ճանապարին խնդիրներ չեն լինում, գործարարները կարող են վստահ լինել, որ իրենց գործընկերներին ապրանքը ժամանակին կհասնի։

«Մենք կարողանում ենք բեռնափոխադրումների համար երաշխավորել կայուն ժամկետներ և կայուն գներ, ինչը շատ դեպքերում հնարավոր չէ ցամաքային ճանապարհով բեռը տեղափոխելու պարագայում։ Մեծ հոսքերի ժամանակ Վերին Լարսի թողունակությունը բավարար չէ, անընդհատ ինչ-որ խնդիրներ են առաջանում։ Արտահանողները կամ ներմուծողներն իրենց ապրանքները չեն կարողանում գործընկերներին ժամանակին մատակարարել։ Ծովային ճանապարհի պարագայում նման խնդիրներ չեն լինելու։ Մենք ունեինք այդ մեկ ճանապարհը՝ Վերին Լարսը, այսօր արդեն երկրորդ ճանապարհն ունենք»,-ասաց ընկերության տնօրենը՝ հավելելով, որ եթե բեռնափոխադրումների մի մասը ծովային ճանապարհով իրականացվի, ապա կթեթևանա նաև Վերին Լարսի հոսքը, արդյունքում զբոսաշրջիկներն ավելի հեշտությամբ կտեղաշարժվեն։

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Դավիթ Էլոյանը նշեց, որ տարվա կտրվածքով իրենք կարող են առաջարկել կայուն գին։ Պետությունն էլ նախատեսում է սուբսիդավորել, որ բեռների տեղափոխումն ավելի մատչելի լինի գործարարների համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել էր հանդիպում գործարարների ու «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Գործարարներին ներկայացվել էր, որ ծովային ճանապարհով բեռնափոխադրման գործընթացի մեկնարկը տրված է։ Նրանք հնարվորություն ունեին բարձրացնելու իրենց մտահոգող հարցերը։Գործարարներին հետաքրքրող հարցերից են եղել ծառայության գները, բեռների տեղափոխման ժամանակետները և այլն։

Նպատակ է դրված առավել հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության տարածքից կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքները, նվազեցնել լոգիստիկ խոչընդոտները և լրացուցիչ ծախսերը։

  • Կիսվել: