հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Ծխախոտի տուփի վրա ծխելու վտանգների մասին նախազգուշացնող պատկերներ չտպելու տուգանքը կավելանա. նախագիծ

Ծխախոտի տուփի վրա ծխելու վտանգների մասին նախազգուշացնող պատկերներ չտպելու տուգանքը կավելանա. նախագիծ

2024 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նոր կանոնակարգ մտավ, համաձայն որի՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է լինեն գրաֆիկական պատկերներ, որոնք նախազգուշացնում են ծխելու վտանգների մասին: Նպատակը մարդկանց ավելի քիչ ծխելուն դրդելն էր, այն կիրառված ու արդյունավետ պրակտիկա է աշխարհի շատ երկրներում: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ 2024-ին մի շարք արտադրողներ և ներմուծողներ հետևել են կանոնին, բայց եղել են նաև օրենքից խուսափողներ: 

«Կային դեպքեր, որ ուղղակիորեն հայտարարում և ասում էին, որ մենք խախտում ենք ու կվճարենք 400 հազար դրամ տուգանքը, ապա կշարունակենք արտադրել: Դուք 400 հազար դրամ տուգանք ենք դրել, իսկ մենք 400 հազար դրամին համարժեք վարքագիծ ենք դրսևորում: Շուկայում այնպիսի իրավիճակ էր առաջացել, որ որոշ ընկերություններ չէին տպում այդ գրաֆիկական պատկերները»,- ասաց նա:

Ըստ այդմ՝ ծխախոտային շուկայում առավել արդար ու մրցակցային միջավայր ապահովելու, սպառողների իրավունքների պաշտպանության միջոցները խստացնելու, ինչպես նաև հանրության նկատմամբ հարգալից վերաբերմունքը վերականգնելու նկատառումով առաջարկվում է ավելացնել տուգանքի չափը:

«Առաջարկվում է 400 հազար դրամը դարձնել նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Վստահ եմ, որ բոլոր այդ ընկերությունները շատ արագ կվերադառնան բարեխիղճ վարքագծի և տնտեսական մրցակցության արդար կանոններով կշարժվեն»,- ասաց Պապոյանը:

Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանն այս համատեքստում տեղեկացրեց՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն ընկերությունների վաճառքներն են ավելացել, որոնք օրենքի ընդունումից հետո դրա պահանջը չեն կատարել, այսինքն՝ չեն տպել գրաֆիկական պատկերը ծխախոտի տուփի վրա, իսկ տպածների վաճառքները նվազել են:

Թունյանը նաև առաջարկեց նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել 24 ժամի ընթացքում, որպեսզի օրենքն արագ ընդունվի:

  • Կիսվել: