չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՏՄՊՊՀ-ն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը կհամագործակցեն

ՏՄՊՊՀ-ն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը կհամագործակցեն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ պրոֆեսոր Կարին Մարկիդեսին եւ գործարար կապերի պատասխանատու, դասախոս Կարեն Սարկավագյանին:

Հանդիպման նպատակն էր քննարկել երկու կառույցների միջեւ համագործակցության հնարավորությունները: Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գեւորգյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն դեռեւս նախորդ տարվանից կրթական հաստատությունների հետ նոր որակի եւ բովանդակությամբ համագործակցության ծավալմանն ուղղված նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ նպատակ ունենալով ամրապնդել պետական հատվածում աշխատաշուկայի եւ բուհ-երի միջեւ կապը, ինչպես նաեւ օգտագործել հանրապետության գիտական եւ մասնագիտական ներուժը՝ տնտեսական մրցակցությանն առնչվող ժամանակակից մարտահրավերների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու աշխատանքներում:

Նա հավելել է, որ հանձնաժողովը պատրաստակամ է Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ նույնպես փոխշահավետ գործակցություն զարգացնել, որը կարող է ընդգրկել ուսանողների համար գործնական դասընթացների կազմակերպումը՝ հնարավորություն ընձեռելով նրանց մասնակցություն ունենալ ուսումնասիրությունների գործընթացներին, ինչպես նաեւ առանձին հարցերում համագործակցել՝ օգտագործելով համալսարանի մասնագիտական կարողությունները:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես քննարկել են թվային հարթակի ներդրման հարցում տվյալների վերլուծաբանի ներգրավման, հանձնաժողովի կողմից ավարտական աշխատանքների թեմաների պատվիրակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ համագործակցության զարգացման այլ հնարավոր ուղղություններ` տնտեսական մրցակցությանն առնչվող խնդիրների կարգավորման, հանրային իրազեկման եւ վստահության ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության զարգացման ուղղությամբ երկուստեք իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:

  • Կիսվել: