ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շիրակի մարզում մեկնարկեց Կապսի ջրամբարի կառուցումը, այն կտևի 3 տարի

Շիրակի մարզում մեկնարկեց Կապսի ջրամբարի կառուցումը, այն կտևի 3 տարի

Երեկ տեղի ունեցավ Կապսի ջրամբարի պաշտոնական հիմնարկեքը։ Այս մասին հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը: Հիմնարկեքի արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրոն Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՏԶՀ նախագահ Սարգիս Բաղինյանը, Ջրային Կոմիտերի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա Դել Արկոn, համայնքապետեր և այլ պաշտոնատար անձիք։
ՀՀ փոխվարչապետը ողջունել և շնորհավորել է ջրամբարի շինարարության մեկնարկի կապակցությամբ։ Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ ջրամբարի կառուցումն ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այն կլուծի Շիրակի դաշտի կենտրոնական և արևմտյան հատվածների ոռոգման խնդիրը, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։
ՀՀ ՏԿԵ նախարարը նկատել է, որ բավական երկար ժամանակ մեծ ջանքեր են գործադրել ծրագրի իրականացման և շինարարության մեկնարկի համար և այսօր այն արդեն իրականություն է․ «ՀՀ Կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ջրամբարների կառուցմանը։ Այս ջրամբարի կառուցմամբ նոր տարածքներ կդառնան ոռոգելի, բավական շատ էլեկտրաէներգիա կխնայենք և այն բազմաթիվ այլ դրական արդյունքներ կունենանք»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ արդեն աշխատանքներ են տարվում նաև ջրամբարի երկրորդ փուլի իրականացման հարցում, և մեծ սպասելիքներ կան, որ այդ ուղղությամբ ևս դրական արդյունքներ կգրանցվեն։
Նախարարը գոհունակություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և KFW բանկի գործընկերներին՝ ծրագրի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության և օժանդակության համար։
Միջոցառմանը ներկա դեսպաններն ու միջազգային գործընկերները ևս ընդգծել են ծրագրի կարևորությունը և հույս հայտնել, որ այն կունենա հաջող ընթացք և շինարարությունը կավարտվի սահմանված ժամկետներում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 68.5 մլն եվրո։
Նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60մլն մ3:
Շինարարությունն իրականացնելու է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ» ընկերությունը։
Ջրամբարի 25մլն մ3 ծավալով կառուցման դեպքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող շուրջ 17,000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Ջրամբարի 60մլն մ3 ծավալի դեպքում հնարավորություն կստեղծվի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հա հողատարածքների ոռոգումը մեխանիկականից փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 11․0 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զագացման հիմնադրամը։

  • Կիսվել: