հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
«Տաշիր պիցցա»-ի երկու կետերը ժամանակավոր փակվել են. ՍԱՏՄ-ում սպասում են փորձաքննության արդյունքներին

«Տաշիր պիցցա»-ի երկու կետերը ժամանակավոր փակվել են. ՍԱՏՄ-ում սպասում են փորձաքննության արդյունքներին

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է «Տաշիր պիցցա» հանրային սննդի ցանցի երկու կետերում գրանցված թունավորման դեպքին: Նա նշել է, որ ՍԱՏՄ-ն առավոտյան 9:00-ից վերահսկողություն է իրականացնում կոնկրետ տվյալ հասցեում գործող հանրային սննդի կետում. ահազանգը ստացել են երեկ երեկոյան, ինչից անմիջապես հետո սկսել են միջոցներ ձեռնարկել:

Դանիելյանը հայտնել է, որ իրականացվել են պատրաստի արտադրանքի ու կիսապատրաստվածների նմուշառումներ, լաբորատոր արձանագրությունների պատասխանները ստանալուց հետո արդեն կարող են հասկանալ` որն է եղել թունավորման պատճառը: Առողջապահության նախարարությունը ևս աշխատում է ՍԱՏՄ հետ:

Փորձաքննություններն, ըստ ՍԱՏՄ ներկայացուցչի, կտևեն մի քանի օր: Այս պահին զեկուցագիր է ներկայացվելու տեսչական մարմնի ղեկավարի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու համար, մինչև ՍԱՏՄ-ն ավարտի իր աշխատանքները և համոզվեն, որ տվյալ հանրային սննդի կառույցի գործունեությունը չի կարող մարդկանց վտանգ սպառնալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։

Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:

Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

  • Կիսվել: