հինգշաբթի, հունիս 13
13 / 6 / 2024
«Տարոն Ավիա»-ն փակել են՝ հենց անվտանգության խնդիրները հաշվի առնելով․ Ռևազյան

«Տարոն Ավիա»-ն փակել են՝ հենց անվտանգության խնդիրները հաշվի առնելով․ Ռևազյան

Եվրոպական միությունը այսօրվա դրությամբ որոշել է Հայաստանում գործող որևէ ավիաընկերություն չգցել սև ցուցակում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Անդրադառնալով լուրերին, թե Եվրոպական հանձնաժողովն ուժեղացված հսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեի նկատմամբ այն ժամանակ, երբ «Տարոն Ավիա» ավիաընկերությունը դիմել է Եվրոպական միությանը, Ռևազյանը նշեց․

««Տարոն Ավիա»-ն փակել են՝ հենց անվտանգության խնդիրները հաշվի առնելով։ Երբ «Տարոն Ավիա»-ն դիմեց, ԵՄ-ում նկատեցին խնդիրները, որ մենք կարողանանք այդ խնդիրները լուծել, հակառակ դեպքում կարող էր այսպես ևս 5-10 տարի շարունակվել, ինչը մեզ պետք չէ»:

Ռևազյանի խոսքով՝ ԵՄ-ն կարևորում է զարգացումը, դրա համար որոշել է այսօրվա դրությամբ որևէ ավիաընկերություն սև ցուցակի մեջ չգցել:

«Համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ լավ է, իրենք մեզ շատ են աջակցել, խորհուրդներ տվել: Մենք ԵՄ-ում շնորհանդես իրականացրինք, և այժմ գալու են՝ ստուգելու այն, ինչ ասել ենք, իրականությո՞ւն է, թե՞ ոչ»,-նշեց Ռևազյանը:

Վերջինս անդրադարձավ նաև տեղական ավիափոխադրող ունենալու հարցին՝ նշելով, որ Քաղավիացիայի կոմիտե դիմել է մեկ ավիաընկերություն, և այժմ ուսումնասիրություններ են իրականացվում:

«Եթե ամեն ինչ նորմալ անցնի, մենք կունենանք ազգային փոխադրող, որն ունենալու է 388 հազար նստատեղ»,-ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտարարություն է հրապարակել, որում նշել  էր, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեությունը վերցվել է խիստ վերահսկողության տակ: «Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խիստ վերահսկողության տակ է վերցվել՝ կապված թռիչքների անվտանգության ապահովման համար հսկողության թուլացման նշանների հետ», - նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ Եվրահանձնաժողովի անհանգստության բուն պատճառները չեն նշվում:

Ավիացիայի հարցերով փորձագետ Նավիկ Խաչատրյանը բնական է համարում Եվրոպական հանձնաժողովը հայտարարությունը, որի համաձայն Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեությունը վերցվել է խիստ վերահսկողության տակ:

Փորձագետի խոսքով, շատ հնարավոր է, որ «Տարոն Ավիայի» հետ կապված թռիչքային անվտանգության խնդիրը Քաղաքացիական ավիացիայի ղեկավարը կամ չի հասկացել, կամ փորձել են կոծկել:

  • Կիսվել: