հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Տարեվերջին կամ մյուս տարի Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի. ՏԿԵ փոխնախարար

Տարեվերջին կամ մյուս տարի Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի. ՏԿԵ փոխնախարար

Լարսի հիմնախնդիրը պայմանավորված է հիմնականում եղանակային պայմաններով՝ նրանով, որ տարվա ընթացքում մինչև երկու ամիս ժամանակահատվածով փակ է լինում: Այդ խնդիրը ոչ միայն Հայաստանի բեռնափոխադրողներին է անհանգստացնում, այլև այդ ուղուց օգտվող այն երկրների բեռնափոխադրողներին, որոնք իրականացնում են բեռնափոխադրումներ ԵԱՏՄ երկրներ կամ ԵԱՏՄ երկրների միջոցով երրորդ երկրներ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Այն ճանապարհահատվածը, որը հիմա կառուցվում է վրացական կողմում, ճիշտ է, նախատեսված էր, որ դեռ 2024 թվականի վերջին պետք է ավարտին հասցվեր, ըստ սկզբնական կանխատեսման, բայց հաշվի առնելով քովիդի, լոգիստիկ փոփոխությունների հետ կապված հոսքերի հետ որոշակի խնդիրներ՝ այդ ժամկետը հետաձգվեց, և մենք կարծում ենք, որ մոտակա ժամանակներս՝ այս տարեվերջին կամ մյուս տարի այդ ճանապարհը, որը շրջանցում է ձյունահյուսավտանգ հատվածը, ամբողջությամբ պատրաստ կլինի, և Վերին Լարսի անցակետը այլևս կգործի տարին 365 կամ 366 օր»,- պարզաբանեց նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ դրա հետ կապված ծախսերը, որոնք լրացուցիչ առաջանում են բեռնափոխադրումների ժամանակ, կհասցվեն մինիմումի:

  • Կիսվել: