երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
 Սուբսիդավորման ծրագրի ժամկետը երկարաձգվել է, փոխվել են տոկոսադրույքները․ «Փաստ»

Սուբսիդավորման ծրագրի ժամկետը երկարաձգվել է, փոխվել են տոկոսադրույքները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ նախորդ տարվանից գործում էր պետական սուբսիդավորման ծրագիր, որը ենթադրում էր բնակարանների կամ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման համար վարկատեսակ: Պետական սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրի ժամկետն ավարտվում էր այս տարվա հուլիսի 1-ին, սակայն կառավարության նիստում որոշում կայացվեց ծրագրի ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2024 թ.-ի հուլիսի 1-ը՝ փոխելով, սակայն, սուբսիդավորման սկզբունքը: Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող SolarOn ընկերության մարքեթինգի մասնագետ Հայկ Հայրապետյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծում է՝ սուբսիդավորումն այն գործող միջոցն է, որը թույլ է տալիս այս ոլորտին հաստատուն զարգացում ապրել:

Եթե նախկինում պետությունը «Բնակարանի կամ անհատական բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգում» վարկատեսակը սուբսիդավորում էր այնպես, որ դրա փաստացի տոկոսադրույքը Երևանում կազմի՝ 5, քաղաքային բնակավայրերում՝ 3, գյուղական բնակավայրերում՝ 2, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում՝ 0 տոկոս, ապա հիմա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետության կողմից սուբսիդավորման արդյունքում կկազմի՝ Երևանում՝ 6, քաղաքային բնակավայրերում՝ 4, գյուղական բնակավայրերում՝ 3, սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում՝ 0 տոկոս:

Ըստ այդմ, խրախուսվում է ձեռք բերել արևային կայան առանց կանխավճարների և հավել յալ ծախսերի՝ սուբսիդավորելով նշված վարկատեսակն այնպես, որ նրանց համար համապատասխանաբար գործեն 6, 4, 3 և 0 տոկոսադրույքները: Հայրապետյանը նշում է՝ ներկայում քաղաքացիներին ակտիվորեն տեղեկացնում են ծրագրի ժամկետի երկարաձգման մասին՝ վստահ լինելով, որ առաջիկա ամիսներին արևային կայաններ ձեռք բերող քաղաքացիների թիվը կավելանա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: