կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը

Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը

Հունիսի 7-12-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) փոխգործակցության խորհրդակցությունը, որի շրջանակում եղել է նաև IVOA գործադիր կոմիտեի նիստը։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։
 
IVOA-ն համաշխարհային կառույց է, որը համակարգում է աստղագիտական տվյալների շտեմարանների, թվային արխիվների և վիրտուալ աստղադիտարանների միջև փոխգործունակության միասնական ստանդարտների մշակումը։ Դրա նպատակն է ապահովել, որ աշխարհի տարբեր աստղադիտարանների և տիեզերական առաքելությունների տվյալները հասանելի և համատեղ օգտագործելի լինեն գիտական հանրության համար։
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Մեծ տվյալների (Big Data), աստղագիտական տվյալների կառավարման, թվայնացման, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, ինչպես նաև վիրտուալ աստղադիտարանների ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր։
 
Հայաստանը IVOA-ում ներկայանում է Հայկական վիրտուալ աստղադիտարանով (ArVO), որը IVOA-ի 23 ազգային և միջազգային նախագծերից մեկն է։
 
Հանդիպմանը Հայաստանից մասնակցել է Արեգ Միքայելյանը՝ որպես Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար և IVOA գործադիր կոմիտեի անդամ։
 
Աստղագիտությունն այսօր հանդիսանում է տվյալագիտության և համակարգչային գիտության հետ առավել սերտորեն առնչվող գիտական ոլորտներից մեկը։ Վիրտուալ աստղադիտարանները կարևոր դեր ունեն ժամանակակից աստղագիտության մեջ՝ ապահովելով հսկայական ծավալի տվյալների արդյունավետ օգտագործումը, միջազգային համագործակցությունը և նոր գիտական հայտնագործությունների իրականացումը։
 
Հիշեցնենք, որ Հայկական վիրտուալ աստղադիտարանը ստեղծվել է դեռևս 2005 թ.` Բյուրականի աստղադիտարանում։

  • Կիսվել: