ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Սպայկա»-ն ազատել է «Ֆուդ Սիթի» շուկայում ունեցած տաղավարը. բաժնի ղեկավարն ադրբեջանցիների արարքը հանցագործություն է համարում․ armlur.am

«Սպայկա»-ն ազատել է «Ֆուդ Սիթի» շուկայում ունեցած տաղավարը. բաժնի ղեկավարն ադրբեջանցիների արարքը հանցագործություն է համարում․ armlur.am

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ իրենց ընկերությունը «Ֆուդ Սիթի» շուկայում ունեցած տաղավարն ազատել են։ «Մենք իրենց պահվածքից անմիջապես հետո մեր հարաբերությունները խզեցինք իրենց հետ եւ տաղավարն ազատեցինք։ Այսինքն մենք չենք էլ ուզում իրենց հետ աշխատել ու գումար վճարել»,- տեղեկացրեց ընկերության ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Մոսկվայում գտնվող ամենախոշոր «Ֆուդ Սիթի» շուկայում արգելել էին հայկական պետհամարանիշներով մեքենաներին կայանել ու առեւտուր անել։ Շուկան պատկանում է ադրբեջանցի մեծահարուստներին։ Ի դեպ, հայկական ապրանքի մուտքը դեպի մոսկովյան «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոն արգելվեց։ Իսկ այս կենտրոնը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամուն։ Կարեն Բաղդասարյանի խոսքով, Ռուսաստանում թարմ գյուղմթերքը վաճառվում է մեծածախ շուկաներում, որոնք կից են մեծ քաղաքներին։ Հիմնականում ամենամեծ շուկան հայտնի «Ֆուդ Սիթի»-ն է, որտեղ տաղավարներ կան եւ երբ մեքենաներով ապրանքը բերում են, հանձնում  են վերավաճառողներին, որոնք էլ մանրածախ ֆորմատով վաճառում են ռեգիոններին կամ առանձին խանութներին։

«Կոնկրետ «Ֆուդ սիթի»-ն պատկանում էր Ադրբեջանի ծագումով սեփականատերերին, որոնք հախուրդ տալով Ադրբեջանից ուղղորդվող սադրանքներին, որոշել են հայերին չթողնել այդ շուկա։ Երկու հարց կա, առաջին, որ իրենք չեն թողնում հայկական ապրանք մտնի շուկա, մյուսը՝ այդ տաղավարների հաճախորդները չեն գնում հայկական ապրանք, եթե այդ տաղավարների տերերը ադրբեջանցիներ են։ Փաստորեն հաճախորդները, որոնք երկար տարիներ համագործակցել են Հայաստանից արտահանողների հետ, հրաժարվում են հիմա աշխատել։ Այս ամենն ուղղորդվում է Ադրբեջանի դեսպանատան, հատուկ ծառայությունների կողմից․ ազգամիջյան կոնֆլիկտ են ուզում հրահրել Ռուսաստանի տարածքում եւ դա ոչ մեկին իհարկե պետք չէ, հատկապես՝ ռուս հասարակությանը»,-նկատեց Բաղդասարյանը։

Մեր զրուցակցի խոսքով, եթե իրենք չեն թողնում իրենց սեփականության տակ հայկական ապրանքը վաճառվի, ապա դա այդքան էլ մեծ խնդիր չէ․ «Այն իմաստով, որ Ռուսաստանում հարյուրավոր կազմակերպություններ կան, որոնք տարբեր երկրների ապրանքներ ընդունում են, ուղղակի հայ արտահանողները սովորել են այդ շուկային, իներցիայով գնում էին այդտեղ, հարմար էր տեղը։ Բայց ով որ գնում էր այդ ապրանքը դրանք ադրբեջանցիներ են, իրենք վերավաճառում էին ու փող էին աշխատում, շուկայում վճարված բոլոր գումարները դարձյալ գնում էր ադրբեջանցիներին, այսինքն այստեղ հարց է, թե ով է շահում, ով՝ կորցնում։ Հիմա պետք է հայ արտահանողները գտնեն այն պարտնյորներին, որոնք ավելի գործընկերային են, ոչ թե շովինիստական սադրանքներին հակված եւ պատրաստ են նման գործողությունների դիմել»։

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ «Սպայկա»-ն արդեն տասը տարի է, ինչ մեծածախ շուկաներում չի սպառում իր ապրանքը։ «Մեր կողմից արտահանվող ապրանքն ամբողջությամբ գնում է դեպի մոսկովյան սուպերմարկետներ։ Դեռ տասը տարի առաջ ամբողջ շուկան էթնիկ ադրբեջանցիներ էին, հիմա համեմատելի իրենց ազդեցությունը նվազել է, բայց որոշ տեղեր դեռ կան»,-փոխանցեց Բաղդասարյանը։ «Սպայկա»-ի ներկայացուցչից հետաքրքրվեցինք՝ հնարավոր է առաջիկայում նման խնդրի առաջ կանգնեն իրենք․ սուպերմարկետները հրաժարվեն իրենց ապրանքից․ «Լուրերով ինֆորմացիա գնաց, որ սուպերմարկետներից հայկական ծագման ապրանքներ են հանվում, որովհետեւ դա պատկանում է այդ ադրբեջանցի մեծահարուստներից մեկին, բայց դրանք այնքան փոքր սուպերմարկետներ են, որ շուկայի վրա այդքան էլ ազդեցություն չունեն։ Բայց միեւնույն է՝ իրենք պետք է պատասխան տան, որովհետեւ ազգային խտրականությամբ ապրանք հանելը դա հանցագործություն է, որը քրեորեն պատժելի է»։

  • Կիսվել: