շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սոթքի հանքը լիարժեք չի աշխատում, աշխատակիցները սպասում են

Սոթքի հանքը լիարժեք չի աշխատում, աշխատակիցները սպասում են

Սոթքի հանքավայրը լիարժեք չի աշխատում, այլ՝ մասնակի։ Այս պահին այնտեղ տեղափոխություններ են արվում։ Լարվածության ավելացում կամ ինչ-որ փոփոխություն չկա։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Աշխատակիցներից կանչում են, բայց քչերին, երեւի որոշ աշխատանքներ կան, անում են, բայց հանքն ամբողջությամբ չի աշխատում։ Տեղափոխում են տեխնիկան, մեքենաները, որոնք գտնվում են այժմ թշնամու վերահսկողության ներքո, պայմանավորվել են, ու  հիմա էլ տեղափոխում են, որպեսզի անվտանգ անցկացնեն,- ասաց Հակոբ Ավետյանը։

Ըստ համայնքի ղեկավարի՝ սահմանները դեռ հստակ գծված չեն, եւ թշնամին հանքի՝ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքում հատուկ աշխատանքներ չի տանում։ 

«Սահմանները հստակ գծելու, դիրքավորվելու գործողությունները ընթացքում են, դա երկար պրոցես է, որ կգնա։ Ուղղակի հիմա ժամանակավոր էսպես ասեմ՝ ոնց որ մեշոկներ, քարեր շարեն ու կանգնեն ամեն մեկն իր տարածքում, մինչեւ դա հստակեցվի»,- նշեց նա։

Թե հանքը քանի աշխատակից ունի՞ եւ հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցները վարձատրվելո՞ւ են, համայնքի ղեկավարն ասաց, որ  նման ինֆորմացիայի չի տիրապետում, միայն նշում է, որ աշխատակիցները սպասում են։ 

«Մի քանի օր է՝ ինչ էս գործընթացները եղել են, մարդիկ սպասողական վիճակում են, կարող է՝ մի քանի օրից բոլորին կանչում են աշխատանքի եւ ամեն ինչ իր բնականոն հունով գնա, իսկ եթե աշխատանքները կդադարեցվեն, նոր էդ դեպքում գործատուի եւ իր աշխատակիցների միջեւ քննարկում կլինի, որոշումներ կկայացվեն»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Ինչ վերաբերում է գյուղում տիրող մթնոլորտին, ապա համայնքի ղեկավարն ասաց, որ խոսակցությունները մի քիչ պակասել են, բայց ո՛չ վտանգն է թուլանում, ո՛չ էլ մարդկանց մտավախությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայրի տարածք եւ հայերից պահանջել՝ լքել տարածքը, քանի որ այն այլեւս Ադրբեջանի տիրապետության տակ է։

ՀՀ պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հերքել էին  այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Ավելի ուշ, սակայն, տարածվեցին տեսանյութեր՝ ինչպես են ադրբեջանական ավտոմեքենաները շարժվում դեպի Հայաստանի տարածք, ինչպես նաեւ կադրեր արդեն Սոթքի հանքավայրից, որտեղ երեւում էին ադրբեջանցի զինվորականները։ Դրանից հետո ՊՆ-ն արդեն չէր հերքում այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանցիները ոչ թե ներխուժել են հանքի տարածք, այլ պարզապես եկել են հայերի եւ ռուսների հետ համատեղ հայ-ադրբեջանական սահմանի պաշտոնական սահմանազատում անելու։

Ավելի ուշ, ՊՆ ներկայացուցիչը, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Սոթքի հանքավայրի մի մասն անցնելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։

  • Կիսվել: