երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու. Բագրատ Սրբազան

Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու. Բագրատ Սրբազան

Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու, կլինի նախապատրաստություն մեր հաջորդ քայլին, և հույս ունեմ՝ հաղթական քայլի։ Այս մասին այսօր Սոթքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Կարևոր է, որ այդ հանրահավաքը բազմամարդ լինի, իսկ թե ինչու է դա կարևոր, ես տեղում կտեղեկացնեմ։ Կլինի նախապատրաստություն մեր հաջորդ քայլին, և հույս ունեմ՝ հաղթական քայլի։

Առաջին փուլն այն էր, երբ մենք Կիրանցից եկանք Երևան և մարդկանց հավաքեցինք մեր շուրջը։

Երկրորդ փուլը սկսվեց մայիսի 9-26-ը, երբ բազմաթիվ հանդիպումներ ունեցանք տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ։

Մայիսի 26-ից հետո սկսվեց երրորդ ու վճռական փուլը, երբ գնում էինք պետական հիմնարկներով ու արձանագրում՝ այդ մարդիկ ոչ միայն չեն աշխատում, այլև թշնամի են։ Մենք արձանագրել ենք, որ դրանք բոլորը ծառայում են մեկ մարդու քմահաճույքներին:

Մեր իղձերի ու երազանքների իրականացման ճանապարհը հենց այսօրով է նաև պայմանավորված, հետևաբար ամսի 9-ին, երեկոյան 18․30 հանդիպելու ենք Հանրապետության հրապարակում, որպեսզի մեր կյանքի սրբագրման նոր էջը սկսենք...

Խնդրում եմ, մարդիկ սխալ չհասկանան, ամսի 9-ը մեր անելիքների վերջին օրը չէ, այլ անելիքների կարևոր կետը։ Այդ օրը շատ բաներ ունենք անելու ու ցույց տալու»:

  • Կիսվել: