շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սոթքի բաց հանքավայրի պաշարներն արդեն մոտենում են սպառմանը․ ՏԿԵ փոխնախարար

Սոթքի բաց հանքավայրի պաշարներն արդեն մոտենում են սպառմանը․ ՏԿԵ փոխնախարար

Սոթքի հանքավայրի այն տեղամասը, որը ենթակա է շահագործման, գիտնականները, գործընկերները, երկրաբանները, լեռնային գործի մասնագետները գտել են, որ ճիշտ կլինի, որ շահագործվի փակ եղանակով: Այս մասին այսօր հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ ոլորտի ռազմավարության շուրջ կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։

Նա հավելեց. ՛՛Այն պաշարները, որոնք կային բաց հատվածում, արդեն մոտենում են սպառմանը, և պետք է շահագործվի այլ տեղամաս, որտեղ շահագործման եղանակը փոխվում է՛՛:

Ըստ փոխնախարարի՝ փակահանքի շահագործումից հետո շատ աշխատակիցներ այլ աշխատանքի կարիք կունենան, որովհետև բացահանքում ավելի շատ մարդ է աշխատում, քան ստորգետնյա հատվածում:

՛՛Կառավարությունն անընդհատ բանակցում է կազմակերպության հետ: Մենք էլ ենք փորձում նրանց առաջարկած տարբեր մեթոդները՝ թե ուր և ինչպես պետք է այդ աշխատակիցներին տեղափոխել: Կան աշխատակիցներ, որոնք թոշակի են անցնելու, կան աշխատակիցներ, որոնք աշխատանք կգտնեն այլ հանքարդյունաբերող կազմակերպություններում, որովհետև գաղտնիք չէ, որ այս ոլորտը նույնպես մասնագետների կարիք ունի, չկա այնպիսի մարդ, որն ունի լավ մասնագիտություն, լավ փորձ և այս ոլորտում մնացել է առանց աշխատանքի:

Երբ վերջնական պատկերը պարզ կլինի, թե քանի աշխատակից կմնա գործազուրկ, Սոցապ նախարարությունը նույնպես ունի իր ծրագրերը, որոնց մեջ կփորձենք նրանց նույնպես դիտարկել՛՛,-նշեց Հարությունյանը:

  • Կիսվել: