հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շուռնուխի և Որոտանի՝ անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական աջակցությունը կտրամադրվի ևս 5 ամիս

Շուռնուխի և Որոտանի՝ անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական աջակցությունը կտրամադրվի ևս 5 ամիս

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը ևս 5 ամիս տրամադրելու նպատակով։

Առկա իրողություններով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի մի շարք բնակիչներ կորցրել են բնակելի անշարժ գույքը: Աջակցության տրամադրման ծրագիրն ավարտվել է, և դեռևս չեն լուծվել նրանց բնակարանային խնդիրները։

Ըստ այդմ՝ նախատեսվում է անշարժ գույքը կորցրած այդ քաղաքացիներին, որոնք ընդգրկված են եղել դրամական աջակցության ծրագրում և ստացել են աջակցության միանվագ 300000 դրամ և 68000 դրամ 6 ամիսների (2021 թվականի փետրվար-հուլիս ամիսների) համար, շարունակել տրամադրել ամսական 68000 դրամ աջակցություն՝ ևս 5 ամսվա (2021 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների) համար:

Նախատեսվում է նաև հստակեցնել միջոցառման շահառուների կազմը և այն դեպքում, երբ լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2021 թվականի փետրվար-հուլիս ամիսներին աջակցություն ստացած անձը չի հանդիսանում միջոցառման շահառու, Սյունիքի մարզպետարանի տրամադրած տվյալների հիման վրա նրան աջակցության 2-րդ մասնաբաժինը 2021 թ. օգոստոս-դեկտեմբեր ամսիների համար չի վճարվի։

Դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թ. հուլիսի 1-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած (տվյալները վճարման ցուցակ ներառված) շահառու է։ 2021 թ. օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների դրամական աջակցությունը վճարվելու է 2021 թվականի նոյեմբերին։ ՀՀ Սյունիքի մարզպետարանից հոկտեմբերի 13-ին ստացված ցուցակների աջակցություն շահառուների ցուցակում ընդգրկված 43 անձի համար անհրաժեշտ կլինի 14,620.0 հազար դրամ գումար:

  • Կիսվել: