երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակի մարզում 2023 թվականին իրականացվել է շուրջ 7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր

Շիրակի մարզում 2023 թվականին իրականացվել է շուրջ 7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր

Շիրակի մարզում 2023 թվականին իրականացվել են 6 մլրդ 843 մլն 500 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 53.6 տոկոսը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարզային խորհրդի տարեվերջի նիստի ժամանակ տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։

Սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ, վերջին տարիներին մարզի համայնքներում լուծվել են տարիների ընթացքում կուտակված խնդիրները։ Գյումրիում, ծրագրի արդյունքում, հիմնանորոգվել է 8185 մ երկարությամբ ճանապարհ, 700 շահառու օգտվել է «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում» սուբվենցիոն ծրագրից, որի շրջանակներում հիմնանորոգվել է 3 բազմաբնակարան շենքերի 16389 քմ մակերեսով տանիք։

Ձեռք է բերվել  7 միավոր տեխնիկա  և 200 գույք (նստարան և աղբաման), վերանորոգվել է 11 սոցիալական բնակարան, Ասլամազյան քույրերի պատկերասրահի փայտե պատշգամբը, Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքը և տանիքը։ Ծրագրեր իրականացվել են նաև մարզի մյուս համայնքներում։

«2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 36 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 156 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 9 մլրդ 96 մլն դրամ, պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 4 մլրդ 889 մլն դրամ՝ 53.8 տոկոս»,-մանրամասնեց Կարեն Բադիշյանը:

  • Կիսվել: