շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շինարարության աճի տեմպերը պետք է ավելի բարձր լինեն, քան տնտեսական աճը. տնտեսագետ

Շինարարության աճի տեմպերը պետք է ավելի բարձր լինեն, քան տնտեսական աճը. տնտեսագետ

2019 թվականի ընթացքում դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն՝ անդրադառնալով 2019-ի տնտեսական ցուցանիշներին։

Նրա խոսքով՝ առաջանցիկ աճ է արձանագրել արդյունաբերության ոլորտում, սակայն, ըստ նրա, անհանգստացնող է այն երևույթը, որ այդ աճի մեջ որոշիչ է եղել հանքարդյունաբերությունը. «Տարվա կտրվածքով հանքարդյունաբերույթյան աճը մոտ 23-24 տոկոս է կազմել, մինչդեռ վերամշակող արդյունաբերության աճը կազմել  է 6,7 տոկոս»:

Բագրատ Ասատրյանը նշեց, որ շինարարության ոլորտում դրական միտում կա, բայց այդ թվերը բավարար չեն։ «Եթե խոսում ենք դինամիկ զարգացող տնտեսական աճի մասին, ապա շինարարության աճի տեմպերը պետք է ավելի բարձր լինեն, քան տնտեսական աճը, մինչդեռ մեզ մոտ շինարարության աճը կրկնակի ցածր է տնտեսական աճից»,-ասաց տնտեսագետը։

Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտին, Բագրատ Ասատրյանն ասաց, որ արդեն մի քանի տարի է այս ոլորտում անկում է գրանցվում։ «Ես չեմ նկատում, որ Հայաստանում էներգոխնայողություն կա»,- ասաց նա։

Անդրադառնալով գնաճին՝ տնտեսագետը նշեց, որ Հայաստանը հիմա հայտնվել է մի ցիկլի մեջ, երբ երկրի տնտեսությունը բնութագրվում է գնաճի ցածր մակարդակով։ «Գնաճն, իհարկե, չարիք է, բայց նաև ցածր գնաճն է չարիք, առնվազն բարիք չէ»,- ասացնա՝ հավելելով, որ կառավարությունը պետք է մտածի՝ գոնե գնաճի ցուցանիշը ծրագրայինին մոտ լինի:

Ըստ Բագրատ Ասատրյանի, եթե գնաճը լիներ ծրագրային մակարդակի՝ 4±1%-ի շրջանակում լիներ, ապա կունենայինք ավելի մեծ տնտեսական աճ:

 

  • Կիսվել: