շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շենքը սարքել են, մեզ ասում են՝ դուք այստեղ տեղ չունեք, բայց մենք ունենք պայմանագրեր. Ֆիրդուսի թաղամասի բնակիչների ակցիան

Շենքը սարքել են, մեզ ասում են՝ դուք այստեղ տեղ չունեք, բայց մենք ունենք պայմանագրեր. Ֆիրդուսի թաղամասի բնակիչների ակցիան

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 14-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Նշենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Բնակիչներից  մեկը նշեց, որ մարտի 23-ին դիմում են ներկայացրել փոխվարչապետի օգնականին, որպեսզի 10 օրում պատասխանեն, բայց հիմա ասում են, որ դեռ պատասխանը չկա: Հիմա ուզում ենք հասկանալ, թե ով է մեզ պատասխան տալու: Ուզում ենք վարչապետը մեզ ընդունի, լսի մեր խնդիրների մասին, որ տեսնենք՝ ինքը տեղյակ է այս խախտումների մասին, թե ոչ»:

Հարցին, թե որքան փոխհատուցում են առաջարկում, նա պատասխանեց. «Ժամանակին մարդկանց մեկ քմ-ի դիմաց 580-600 դոլար են վճարել, հիմա տները 10 անգամ թանկացել են, մեզ առաջարկում են 1200-1500 դոլար: Հիմա կոնկրետ մեր թաղամասում շենք են սարքում, որտեղ մեկ քմ-ն 5,5-7 հազար դոլար է արժենալու: Մենք էլ 2008-ից պայմանագիր ենք կնքել, որ մեզ պետք է այդտեղ տուն հատկացնեն: Հիմա շենքը սարքել են, մեզ ասում են՝ դուք տեղ չունեք, ձեզ չենք տալիս: Կառուցապատող է փոխվել, որի իրավունքը չեն ունեցել, որովհետեւ պայմանագրում նշված է, որ երրորդ անձի ի հայտ գալու դեպքում կողմերը պետք է գրավոր համաձայնություն տան: Բայց ոչ մի նման բան չի եղել: 70-80 տուն կա, որ այս խնդիրն ունի»:

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:

  • Կիսվել: