ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Shell–ը ե՞րբ կգա Հայաստան․ «Ժողովուրդ»

Shell–ը ե՞րբ կգա Հայաստան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023թ.-ի փետրվարին Հանրային հեռուստաընկերության եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտակա մեկ ամսում Հայաստանում իր գործունեությունը կսկսի ծավալել աշխարհահռչակ բրիտանահոլանդական Shell ընկերությունը։

«Մարտ ամսին ընկերությունը կբացի 3 բենզալցակայան, և դրանք կլինեն նոր, ժամանակակից բենզալցակայաններ»,- խոստացավ նախարարը։

Նախարարի այս խոստումից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն բենզալցակայանները դեռևս չեն բացվել։ Իսկ ապրիլի 21-ին նախարարը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ կայանները շուտով կսկսեն աշխատել։

«Փաստերի ստուգման հարթակ»-ի հարցին, թե ինչու մարտին խոստացված բենզալցակայանները դեռ չեն բացվել, Էկոնոմիկայի նախարարությունից խորհուրդ տվեցին դիմել հենց ընկերությանը, քանի որ «դա մասնավոր ընկերություն է, և նրանց գործունեության հետ կապված ռիսկերն ու խնդիրները պետությունը չի կարող կառավարել»։

Ընկերությունից էլ տեղեկացրին, որ այս պահին ավարտական փուլում է թվով երեք բենզալցակայանների շահագործումը, դրանց վրա վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարվում, և սպասում են ապրանքի ներմուծմանը։

Ընկերությունից տեղեկացրին նաև, որ նախարարի՝ մարտ ամսին բենզալցակայանները բացելու խոստման հիմք էր հանդիսացել իրենց տրամադրած տեղեկատվությունը։

Ի դեպ, սա Shell ընկերության՝ բենզալցակայաններ բացելու խոստման երկրորդ հետաձգումն է: Առաջին անգամ այս խոստումը Քերոբյանը տվել էր նաև մեկ տարի առաջ՝ 2022-ի մայիսին։ Այն ժամանակ էլ նախարարը խոստացել էր մինչև 2022թ.-ի աշուն Հայաստանում գործարկել բենզալցակայանների ցանցը»։

  • Կիսվել: