շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սևանի ափամերձ տարածքները մաքրող ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել. նախարար

Սևանի ափամերձ տարածքները մաքրող ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել. նախարար

Սևանի ափամերձ տարածքները 1900 մետր նիշից ցածր գտնվող ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունները պայմանագրով ստանձնած իրենց պարտավորություններում չարաշահումներ են թույլ տվել, հարուցվել է քրեական գործ, իսկ չվճարված գումարները վերադարձվել են պետական բյուջե։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Թե կոնկրետ ինչ խախտումներ է կատարել Սևանի ափերը մաքրող կապալառու ընկերությունը, Ռոմանոս Պետրոսյանը չհստակեցրեց` պատճառաբանելով նախաքննական գաղտնիքով, բայց հայտնեց, որ հայտնաբերված խախտումների փաստերով դադարեցվել են կապալառու ընկերությունների պայմանագրային աշխատանքներն ու վճարումները։

Ինչ վերաբերում է 2021թ–ի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին, 2021թ–ի բյուջեով արդեն նախատեսված գումարները նախարարությունը մտադիր է վերաբաշխել։

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` այս առաջարկով բնապահպանական գերատեսչությունն արդեն իսկ պատրաստվում է դիմել կառավարությանը։

«Մենք արդեն աշխատում ենք կառավարության համապատասխան որոշման նախագծի վրա, որպեսզի այդ գումարներն ուղղվեն «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների զարգացմանը, որպեսզի ոչ թե երրորդ կողմի ներգրավմամբ իրականացվի այդ աշխատանքը, այլ «Սևան» ազգային պարկը նախարարության վերահսկողության ներքո ձեռք բերի սեփական տեխնիկական միջոցներ, մոտ մեկ տասնյակ մշտական աշխատատեղ ապահովի և Սևանի մաքրման աշխատանքներն իրականացնի սեփական միջոցներով»,– մեկնաբանեց նախարար Պետրոսյանը։

Նա հույս հայտնեց, որ գարնանը մեծ թափով կվերսկսվեն մաքրման դադարեցված աշխատանքները։

 

  • Կիսվել: