ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Իսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ը

Իսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ը

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Հովհանես Բ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի, Արմեն Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արարատ Ղ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Hyundai Elantra»-ն բախվել է բետոնե հենասյանը, կոտրել ու շպրտել այն, ապա՝ ճանապարհային երթևեկության համար նախատեսված ցուցանակին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել «Hyundai Elantra»-ի վարորդին և ուղևորներին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քաղաքացիների հետ միասին ուղղել «Hyundai Elantra»-ն և լվացել ճանապարհը։

 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Համլետ Կարապետյանը և Արտյոմ Գասպարյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

  • Կիսվել: