ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
ՍՉԱՄ-ի 2 լաբորատորիաները միջազգային հավատարմագրում են ստացել

ՍՉԱՄ-ի 2 լաբորատորիաները միջազգային հավատարմագրում են ստացել

2021-2023 թվականներին Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող TPQI ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ընկերության կազմում հիմնվել են երկու կարևոր տրամաչափման լաբորատորիաներ՝ զանգվածի և ջերմային չափումների համար։ Ծրագրի նպատակն էր ստեղծել այնպիսի տրամաչափարկման լաբորատորիաներ, որոնք կարող են տրամադրել միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ, ապահովել ճշգրիտ չափումներ և աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
2024 թվականին Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տրամաչափարկման լաբորատորիաները ներկայացրել են հավատարմագրման հայտ Հունաստանի հավատարմագրման մարմնին (ESYD), իսկ 2025 թվականի մայիսին արդեն ստացել են միջազգային հավատարմագրում՝ համաձայն ISO/IEC 17025 ստանդարտի։ Հարկ է նշել, որ ESYD-ն հանդիսանում է ILAC և IAF կազմակերպությունների լիիրավ MLA/MRA անդամ բոլոր համապատասխան համաձայնագրերի շրջանակներում, ինչը լաբորատորիաների հավատարմագրումը դարձնում է միջազգային մակարդակով լիարժեք ընդունելի։
 
Միջազգային հավատարմագրում ստացած լաբորատորիաների տրամաչափման ծառայությունները ճանաչվելու են ամբողջ աշխարհում՝ առանց կրկնակի հաստատման, ինչը էական նշանակություն ունի  միջազգային հաճախորդների և գործընկերների հետ համագործակցության համար։
 
ISO/IEC 17025 ստանդարտի պահանջներով հավատարմագրված տրամաչափարկման լաբորատորիաների հետ համագործակցությունը վստահություն է ներշնչում թե՛ բիզնեսի ներկայացուցիչներին, թե՛ կարգավորող մարմիններին և թե՛ սպառողներին։ Լաբորատորիաներն անցնում են անկախ գնահատում՝ ապահովելու համար, որ իրենց փորձարկման և տրամաչափարկման ծառայությունները համապատասխանում են որակի և հուսալիության միջազգային չափանիշներին։
 
Չափագիտության ոլորտում միջազգային հավատարմագրումը ապահովում է՝
  • ճշգրտություն.
  • համապատասխանություն.
  • փոխադարձ ճանաչում.
  • նորմերի կատարում.
  • տվյալների նկատմամբ վստահություն։
Այս հաջողությունը նոր քայլ է Հայաստանի համար՝ դեպի միջազգային ճանաչում, արդար առևտուր և հուսալի արդյունաբերություն։ Միջազգային ստանդարտներին համապատասխան չափումները նշանակում են անվտանգ ապրանքներ, մրցունակություն և վստահելի գործընկերություն՝ թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։

  • Կիսվել: