շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սահմանին գազի գինը 2020-ին չի փոխվելու, իսկ մեր բնակարաններում գազի գինը փոփոխվելու հարցին պետք է սպասենք մինչև ապրիլի 1-ը. Փոխվարչապետ

Սահմանին գազի գինը 2020-ին չի փոխվելու, իսկ մեր բնակարաններում գազի գինը փոփոխվելու հարցին պետք է սպասենք մինչև ապրիլի 1-ը. Փոխվարչապետ

 Այս տարվա ողջ ընթացքում գազի գինը սահմանին չի բարձրանալու, դա արդեն պայմանավորված հարց է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա հիշեցրեց, որ գազի գինը 15 դոլարով բարձրացել է 2019 թվականի հունվարի 1-ից (դարձել է 165 դոլար 1000 խմ դիմաց) և ընդգծեց, որ կա պայմանավորվածություն` սակագնի վերաբերյալ հայտ չներկայացվի։

«Նաև պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլև հայտ չի ներկայացվի: Այս պահին ընթանում են քննարկումներ, որոնք ամփոփված չեն: Այս պահին հայտ ներկայացնելու պատճառ ես չեմ տեսնում: Ի՞նչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո: Այո, չի կարելի բացառել, որ հայտ կներկայացվի, որովհետև գազի սակագնը բաղկացած է 3 բաղադրիչներից՝ gինը սահմանին, ընթացիկ ծախսերը, որոնց շատ հեշտ է գնահատական տալ, արագ պայմանավորվել, բայց կա նաեւ ներդրումային ծրագրի հարց:

Այնուամենայնիվ կա պնդում, դատողություն, որ ՀՀ տարածքում անվտանգ, անխափան եւ արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու համար անհրաժեշտ են ներդրումներ»,-հայտարարեց փոխվարչապետը: Պաշտոնյայի խոսքով, ներդրումների հետ կապված հնարավոր է, որ այնուամենայնիվ, «Գազպրոմ Արմենիան» նոր ասելիքներ ունենա։ «Եթե նման հարց առաջանա, դա բաց կքննարկվի: Ես կարող եմ վերահաստատել, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի փոփոխություն չի լինելու: Սահմանին գազի գինը 2020-ին չի փոխվելու, իսկ մեր բնակարաններում գազի գինը փոփոխվելու հարցին նույնպես պետք է սպասենք մինչև ապրիլի 1-ը, որից հետո ավելի հստակ կլինի»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Լրագրողի դիտարկամնը, թե մինչ այժմ հնչած հայտարարություններից տպավորություն է, որ արդեն պայմանավորվածություն կա, որ գազի սակագինը բնակիչների համար բարձրանալու է ապրիլից, նա արձագանքեց. «Պայմանավորված լինելը նույնիսկ տեսականորեն անհնար է, որովհետեւ դուք գիտեք կարգը, ձեւը, թե ինչպես ա փոփոխվելու սակագինը: Դետալիզացված պայմանավորվածություն հնարավոր չէ ունենալ, բայց քննարկումներն ընթանում են: Ներդրումային ծրագրերի հետ կապված, այո, ցանկություններ կան, որ իրականացվեն որոշակի ներդրումներ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: