Սահմանամերձ Ուժանիս, Կաղնուտ և Բարձրավան գյուղերի մասին պատմում են համայնքի ղեկավարներն ու բնակիչները
Թեև Սյունիքի սահմանամերձ Ուժանիս, Կաղնուտ և Բարձրավան գյուղերում ճանապարհներն անբարեկարգ են, խմելու ջուր չկա, բայց Սյունյաց աշխարհի բնակիչները չեն լքում իրենց բնակավայրերն ու շարունակում են արարել ու բարիքներ ստեղծել: Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն են:
«Արմենպրես»-ի թղթակիցը տեղում ծանոթացել է գյուղերի հիմնախնդիրներին, զրուցել համայնքապետերի և գյուղացիների հետ:
44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզում ավելացան սահմանամերձ բնակավայրերը։ Մի շարք գյուղեր հակառակորդի ուղիղ նշանառության տակ են, ճանապարհների մեծ մասն անմխիթար վիճակում են, իսկ բնակիչները զրկվել են վարելահողերի մի մասից։
Ուժանիս
Ուժանիսն ունի 26 տնտեսություն և 56 բնակիչ, գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ։ Այստեղ երեխաների կարելի է հանդիպել միայն հանգստյան օրերին, քանի որ դպրոցն ու մանկապարտեզը չեն գործում ավելի քան 20 տարի։ Անվտանգության, ուսման ու այլ պայմաններից ելնելով՝ ծնողները նրանց տեղափոխել են Կապան։ Ովքեր Կապանում տուն չունեն, վարձակալությամբ են բնակվում:
Գյուղի վարչական ղեկավար Սասուն Սարգսյանը նպատակ ունի գյուղացիներին գյուղ վերադարձնել։
«Ինձ թվում է՝ գյուղացիները կգան, կաշխատեն, կարարեն։ Ուզում եմ, որ նրանք գյուղ գան. սա է մեր տունը, սրանք են մեր հողերը։ Եթե մերն է, ուրեմն այստեղ էլ պետք է կանգնենք, և բարգավաճում պետք է լինի»,- նշում է նա։
44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժել են Սյունիքի մարզ, Ուժանիս գյուղի հողերից 50 հեկտարն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նրա խոսքով՝ այդ ամենից ընդհանուր գյուղն է տուժել, իսկ բնակիչներից տասը զրկվել են իրենց հողերից։
«Հայաստանն է այսօր նշանառության տակ, ոչ միայն մենք։ Ուղղակի պետք է զգույշ ու աչալուրջ լինել և պահպանել այն, ինչ ունենք»,- նշում է համայնքի ղեկավարը։
Ուժանիսում չկա ոռոգման ջուր, խմելու ջուրն էլ մարդիկ աղբյուրից են տանում:
Պատերազմն այս տարածքում ապրող մարդկանց ստիպել է չերազել շռայլությունների մասին: Ուժանիսի բնակիչ Սեդա Ոսկանյանը հիշում է 90-ականները, որը ստիպել է հարմարվել այս կյանքին, իսկ իր 8-ամյա թոռը՝ Մարտինն, ասում է՝ ապագայում զինվոր է դառնալու: Հարցին, թե ինչ երազանքներ ունի, այդպես էլ չկարողացավ պատասխանել:
Սեդա Ոսկանյանի և Մարտիրոս Մարտիրոսյանի ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ: Ապրում են երկուսով: Որդիներից մեկը պայմանագրային զինծառայող է, մյուսն ընտանիքի հետ Կապան է տեղափոխվել: Մարտինը հենց այնտեղ է դպրոց գնում, իսկ հանգստյան օրերն անցկացնում է գյուղում:
«Գյուղը գրեթե դատարկվել է, մնացել են ծերերը: Զբաղմունք չկա, ջահելները գնում են քաղաք»,- պատմում է Մարտիրոս Մարտիրոսյանը:
Չնայած տարատեսակ դժվարություններին, գյուղը լքելու միտում չունեն:
«Ես 35 տարի այստեղ եմ ապրում: Այստեղից երբեք չեմ հեռանա: Մեր կյանքից դժգոհ չենք: Սա է մեր տունը, մեր հողը, ո՞ւր գնանք մեր տնից: Գնամ Երևան ու դռնեդուռ ընկնելով տո՞ւն խնդրեմ: Ես տուն ունեմ: Սկեսուրս ասում էր՝ քարն իր տեղում է ծանր, շարժել չի կարելի»,- ասում է Սեդա Ոսկանյանը:
Մարտինն ու քույրը՝ 5-ամյա Եվան, ամեն հարցում օգնում են ընտանիքին: Ընտանիքի երկու անդամն էլ հաշմանդամություն ունեն, դժվարությամբ են շարժվում: Մարտինի պատասխանատվությունն այս առումով մեծ է՝ անասուններին ինքն է խնամում:
«Երբ մեծանամ, ուզում եմ զինվոր դառնալ: Շաբաթ-կիրակի գալիս եմ տատիկին ու պապիկին օգնելու: Սիրում եմ հեծանիվով պտտվել: Կրակոցներ չեմ լսում, տարածքում էլ թշնամի չեմ տեսել, բայց եթե տեսնեմ՝ միևնույնն է, չեմ վախենում»,- ասում է 8-ամյա Մարտինը:
Սեդա Ոսկանյանն ասում է՝ երեխաներին առաջինը հայրենասիրություն են սովորեցնում: Իրենց երազանքներն էլ հստակ են՝ խաղաղություն, մարդասիրություն, միայն դրանից հետո կկարողանան ապագայի հետ կապված հեռանկարներ ստեղծել:
Կաղնուտ
Կապանի մեկ այլ սահմանամերձ գյուղում՝ Կաղնուտում, 120 գրանցված բնակիչ կա, բայց մշտական մոտ 40 բնակիչ է այնտեղ ապրում։ Գյուղում ձմեռում է հիմնականում 20 ընտանիք, իսկ գարնանը բնակիչների թիվն ավելանում է։ 44-օրյա պատերազմից հետո գյուղի բնակիչների թիվն ընդհանուր առմամբ չի փոխվել։ Մարդիկ այգեգործությամբ, դաշտավարությամբ ու անասնապահությամբ են զբաղվում, բայց անվտանգային հարցերը նրանց մտահոգում են։ Կաղնուտ գյուղը ևս չունի դպրոց ու մանկապարտեզ: Համայնքի ղեկավարի խոսքով՝ դպրոցը փակվել է 1988 թվականին։ Երեխաները Կապանում են հաճախում դպրոց։
Կաղնուտ գյուղի վարչական ղեկավար Արթուր Հովհաննիսյանը ցավով նշում է, որ գյուղը ծերանում է, երիտասարդներ չկան. «Գյուղում տարեցներն են մնացել, ամենաջահելը ես եմ՝ 53 տարեկան»։
Գյուղի ճանապարհը խիստ անբարեկարգ է։ Գյուղը մթերային խանութի խնդիր ունի: Այստեղ չկա ո՛չ ոռոգման, ո՛չ խմելու ջուր: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով գյուղը կորուստներ չունի: Ի տարբերություն հարևան Ուժանիսի, գյուղից տարածք չի օկուպացվել, գյուղի ուղղությամբ հարված եղել է, բայց կորուստներ չեն ունեցել։
Կաղնուտ գյուղի բնակիչ, 60-ամյա Սպարտակ Ասատրյանը 20 տարի մեղվաբուծությամբ է զբաղվում։ Հավաստիացնում է՝ իր ստացած մեղրը որակյալ է, մաքուր և համեղ։ Այն հիմնականում բաժանում է համագյուղացիներին. եթե բերքը շատ է լինում, վաճառում է ամառվա ամիսներին գյուղում ապրողներին։ Այս տարվա ձմռանը մեղուների մի մասը սատկել են, քանի որ փեթակները մաշվել էին, մեղուները հիվանդացել են։ Հիմա այգու փոքրիկ տարածքում է պահում սիրելի մեղուներին։ Զրույցի ընթացքում մի պահ լռեց, մտավ տուն, դուրս եկավ՝ ձեռքին նոր, փաթեթավորված մեղվապահի հագուստ: Հպարտությամբ նշեց՝ կինը շուտով ևս մեղվապահության գործին կմիանա:
«Մի հետաքրքիր բան ասեմ՝ մեղու պահելը փոխում է մարդուն, մարդու բնավորությունը, դարձնում բարի։ Ես չէի պատկերացնում ինձ առանց այս մեղուների»,- նշում է Սպարտակ Ասատրյանը։
Կինը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց՝ կյանքն այստեղ բարդ է, բայց սիրում է իր տունը: Չնայած ջուր չունեն, հասցրել էր կոմպոտների մեծ տեսականի պատրաստել: Ջրի փոխարեն հյուրերին կոմպոտ և թարմ թխված խմորեղենի տեսականի է առաջարկում, իսկ հիմնական բաղադրիչն անարատ մեղրն է:
Այս ընտանիքում էլ, ինչպես հարևան գյուղում, Կապանից հյուրընկալել էին թոռնիկներին, սակայն այս պարագայում թոռնիկներն այստեղ մնալ այդքան էլ չէին ուզում, պատճառաբանելով՝ խաղընկեր չունեն:
Բարձրավան
Բարձրավան գյուղում բնակվում է մոտ 25 ընտանիք, 44-օրյա պատերազմից հետո գյուղի ընտանիքների թիվը չի պակասել։ Այստեղ էլ, ինչպես մնացած գյուղերում, ջրի խնդիր ունեն: Նախկինում գյուղացիներն աճեցնում էին կարտոֆիլ, կաղամբ և գազար, սակայն մեծածախ վաճառքի համար ծավալները բավարար չէին, իսկ հիմա 14 ընտանիք համատեղ ուժերով ազնվամորու թփեր են տնկել, պարարտանյութ ստանալու համար կալիֆոռնիական որդեր են ձեռք բերել և սպասում են կաթիլային ոռոգման համակարգի անցկացմանը։
Գյուղի դպրոցի ուսուցչուհի Խանում Մաթևոսյանը պատմեց, որ նախկինում գյուղացիները հարևան Շուռնուխից էին գնում ազնվամորի, բայց հիմա իրենք էլ կարող են վաճառել: Նա մեծ հույսեր է կապում աշնանը սպասվող բերքի հետ։ Եթե նույնիսկ չհաջողվի վաճառել, գոնե հինգ թոռները կուշտ կուտեն։
Մաթևոսյանն ասաց, որ գյուղում մարդիկ հիմնականում չքավոր են, գումար վաստակելու տարբերակ գրեթե չկա։ Գյուղի դպրոցում ընդամենը ութ աշակերտ է սովորում, ուսուցիչները գալիս են Կապանից և մոտակա գյուղերից: Եթե եղանակն անբարենպաստ է լինում, նրանց բերում են «Ուրալ» մակնիշի բեռնատարներով, քանի որ որոշ գյուղերից այլ տրանսպորտով հնարավոր չէ տեղ հասնել։ Խանում Մաթևոսյանն ասում է՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Գորիսի համայնքապետարանը նոր մեքենա է հատկացրել ուսուցիչների փոխադրման համար։
«Ոչ ոք չի ուզում գյուղը լքել, գյուղի երիտասարդներն անասնապահությամբ են զբաղվում, ուրիշ զբաղմունք չկա»,- ասում է Մաթևոսյանը՝ հավելելով, որ շատ խնդիրներ ունեն, բայց սովոր են պայքարել և չեն նահանջելու: