երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սա իրականում կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին, պետությունը որոշում է՝ ինչպես կարող է տնօրինվել սեփականությունը․ Վարդևանյան

Սա իրականում կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին, պետությունը որոշում է՝ ինչպես կարող է տնօրինվել սեփականությունը․ Վարդևանյան

Այս նախագծի վերաբերյալ պետք է տեղի ունենային առավել լայն հանրային քննարկումներ։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացված «Անկանխիկ գործառնությունների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին։

«Եթե պարոն Երիցյանը ցանկանար անկեղծ զրուցել հասարակության հետ, ասելու էր, որ բացառապես բանկերն են։ Այս նախագիծն այն մասին է, որ բանկերն ամբողջությամբ ունենան մենաշնորհային դիրք՝ գումարի շրջանառության վերաբերյալ։ Սրանից ինչ է շահում հայ մարդը, ես նախագծի հիմնավորումներից լավ չեմ հասկանում։ Մի բան հստակ է՝ սա իրականում կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին, որովհետև մենք ասում ենք, որ պետությունը որոշում է, թե ինչպես կարող է և չի կարող տնօրինվել սեփականությունը։ Սա, դասական իմաստով, իրավունքից հետքայլ է։ հանուն ինչի՞»,-ասաց պատգամավորը։

Նա հարց հնչեցրեց՝ արդյո՞ք կատարվել է վերլուծություն, պատշաճ գնահատում, թե հայ հասարակությունն ինչպիսի տրամադրություն, վերաբերմունք ունի այս փոփոխության վերաբերյալ։

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից` 300.000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, դրանց օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձևով վճարումների, ինչպես նաեւ անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերությունները:

  • Կիսվել: