հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց կաթնամթերքը գալիս է Հայաստան. Սիսակ Գաբրիելյան

Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց կաթնամթերքը գալիս է Հայաստան. Սիսակ Գաբրիելյան

Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց կաթնամթերքը գալիս է մեր մոտ. Այս նախագծով այդ խնդիրը կլուծվի՞, թե մեր հայ արտադրողների համար իրենց շուկան կշարունակի փակ մնալ, իսկ իրենց  ապրանքը անխոչընդոտ մեր խանութներում կվաճառվի: Այս մասին, այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ դիմելով Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանին։

Փոխնախարարը զեկուցեց «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Տաթևիկ Սարգսյանը հայտնեց, որ ԵԱՏՄ կանոնակարգի 317 որոշմամբ  անդամ պետություններում պետք է գրանցված լինեն կենդանիների համար կերային հավելումները, որպեսզի հնարավոր լինի ներմուծել դրանք տարածք։

«Այս պահին չեն ներմուծվում և բեռները կանգնած են սահմանին»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը՝ և տեղեկացրեց, որ նախագծով նաև նախատեսվում է ստեղծել այդ հավելումները գրանցող մարմին, բայց կաթի հարցը չի կարգավորվում։

Հայտնելով, որ հայրենական արտադրողները 5-6 ամիս առաջ այդ հարցով նամակ են ուղարկել և այցելել Էկոնոմիկայի նախարարություն՝ ՔՊ-ակն պատգամավորը խնդրեց ընթացք տալ հարցին։

«Ամեն անգամ մտնելով խանութներ՝ տեսնում ենք, որ հայկական արտադրանքը գնալով նվազում է, իսկ այն շուկան, որը մեզ արգելել է այնտեղ ներմուծել մեր ապրանքը, իրենց արատադրանքը մեր վաճառասեղաններին դրված է»,-ասաց  Սիսակ Գաբրիելյանը։

  • Կիսվել: