շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում նոր ինստիտուտ կներդրվի, կգործի cash rebate համակարգ. նախագիծ

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում նոր ինստիտուտ կներդրվի, կգործի cash rebate համակարգ. նախագիծ

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին ներկայացվեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը, որը վերաբերում է ֆիլմարտադրության ոլորտում գումարի վերադարձի սահմանաչափին: Այդ մասին նախագիծը ԱԺ նիստին երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Նոր ինստիտուտ ենք ներդնում այս օրենքում, և ասում ենք, որ օրենքի ընդունումից հետո՝ 6- ամսյա ժամկետում, Կառավարությունը կհրապարակի, կսահմանի այն ապրանքների և ծառայությունների ցանկը և դրանց պայմանները, որոնցից օգտվելու դեպքում կինոարտադրողները 10-ից մինչև 40 տոկոս գումարի վերադարձ կստանան՝ cash rebate: Այսինքն՝ այս համակարգը ներդնում ենք և ակնկալում ենք, որ առաջիկայում Հայաստանում կինոարտադրության ոլորտում էական առաջընթաց կարձանագրվի:

Սա նաև ասում եմ՝ հաշվի առնելով այն երկրների փորձը, որտեղ ներդրվել է այս համակարգը, և մոտ 3-4 տարում տեսանելի են դարձել մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ: Օրենքի ընդունումից հետո՝ 3 տարվա ընթացքում, ավելի քան 30 միլիոն դոլարի ներդրում է կատարվել, նկարվել են շատ հայտնի ռեժիսորների կողմից ֆիլմեր»,- ասաց նա:

Սիսակ Գաբրիելյանը նաև նշեց, որ նախագծով սահմանվում են նաև որոշակի պայմաններ, օրինակ, եթե ֆիլմարտադրողն իր ֆիլմում տեսանելի և ընկալելի ձևով կներկայացնի, որ տվյալ տեսարանը նույնականացվում է ՀՀ-ի, ՀՀ-ի պատմամշակութային հուշարձանների կամ հերոսների հետ, ապա հնարավոր է գումարի որոշակի վերադարձ լինի:

Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենքի ընդունումից հետո աշխարհահռչակ ռեժիսորի այց է ակնկալվում Հայաստան: Եթե նրա երկրորդ այցը լինի, ապա հուշագիր կստորագրվի՝ օրենքի առաջին կիրառողը լինելու մասով: Նախատեսվում է 2 լիամետրած ֆիլմ և 1 սերիալ նկարել Netflix-ի համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը կինոարտադրության ոլորտում նոր հնարավորություններ բացելու ճանապարհին է, և որ փոփոխությունները ոլորտի զարգացման համար որակապես նոր պայմաններ կստեղծեն:

«Սա հեռանկար բացող փոփոխություն է, որովհետև կարող է նաև հիմք հանդիսանալ կինոարտադրության ոլորտում պետական բյուջեից հատկացվող գումարների՝ ավելի նպատակային և արդյունավետ վերապլանավորման համար»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: