շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 50 տոկոսով

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 50 տոկոսով

2022թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանատությունը կազմել է 2 մլրդ դոլար՝ անցած տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով մոտ 50 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 3-ի հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

Նրա գնահատմամբ՝ թվերն ինքնին խոսուն են։ Նա հույս է հայտնել, որ դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլեւ կբազմապատկվի։

«Մեզ համար շատ կարեւոր է պահել մեր երկխոսության աստիճանը։ Ռուս-հայկական հարաբերություններն այսօր  շարունակում են առաջանցիկ տեմպերով զարգանալ եւ կրում են դրական ու ճիշտ կողմնորոշված տնտեսական բնույթ։ Մեզ համար դա շատ կարեւոր է՝ նոր իրողությունների հաշվառմամբ։ Շնորհակալություն մեր հայ գործընկերներին, որոնք մեզ հետ սերտ կապի մեջ անցնում են այս ճանապարհը»,- ավելացրել է Դոնչենկոն։

Իր հերթին, «Արտասահման-Էքսպո» միջազգային համագործակցության զարգացման ընկերության տնօրեն Անատոլի Նիկոլայեւը պարզաբանել է, որ Ռուսաստանից Հայաստան արտահանումն ավելացել է 42,2 տոկոսով, իսկ հակառակ ուղղությամբ՝ 66 տոկոսով։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում աշխատում է ռուսական կապիտալով  2 200 ձեռնարկություն, դրանց մոտ 40 տոկոսը՝ մեծ, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղին», «Արմենալը», «Գեոպրոմայնինգը», «Գազպրոմ Արմենիան» եւ այլն։

Աննա Դոնչենկոն մատնանշել է Հայաստանում շինարարության ոլորտի ակտիվությունը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի շինարարների միության եւ Ռուսաստանի շինարարների միության միջեւ ստորագրվել է համաձայնագիր՝ ուղղված այս ոլորտում երկու երկրների կապերի ամրապնդմանը։ «Երեւանում շինարարական թեմայով ամեն տարի  չորս ճյուղային ցուցահանդես է կազմակերպվում։ Սա շատ կարեւոր է»,- նշել է Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչը։

  • Կիսվել: