«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել է ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով նոր ատոմակայանի էներգաբլոկ կառուցել․ Լիխաչով
«Ռոսատոմը» Հայաստանի կառավարությանն առաջարկել է առնվազն 1 ԳՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցել, որի հիմքում կլինի ՎՎԷՌ-1000 ռեակտորային տեխնոլոգիան։ Պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այս մասին հայտնել է հայ լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ հայկական կողմի հետ բանակցությունների ժամանակ արձանագրվել է, որ ատոմային էներգետիկան Հայաստանում շարունակելու է զարգանալ։ Ընդ որում, առաջիկա ամիսներին Հայաստանը պետք է կողմնորոշվի նոր կայանի տեխնիկական լուծումների և շինարարությանը մասնակցող գործընկերների հարցում։
«Ատոմային էներգետիկան Հայաստանում դեռ տասնամյակներ կշարունակի գոյություն ունենալ»,– ընդգծել է Լիխաչովը։
Նա տեղեկացրել է, որ շուրջ 1 ԳՎտ հզորությամբ և ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով էներգաբլոկի կառուցման հստակ առաջարկն արդեն փոխանցվել է ՀՀ կառավարությանը։ Լիխաչովը նշել է, որ նման ռեակտորներ «Ռոսատոմն» այժմ կառուցում է նաև այլ երկրներում, օրինակ՝ Հնդկաստանում և Իրանում։
«Ռոսատոմի» ղեկավարի գնահատմամբ՝ իրենց առաջարկը համատեղում է տնտեսական արդյունավետությունը և «3+» սերնդի անվտանգության համակարգերը։ Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ նախագծի մրցունակության մասին պնդումը զուտ «Ռոսատոմի» կարծիքն է և չի նշանակում, թե Հայաստանն արդեն վերջնական որոշում է կայացրել։
«Մենք այսօր հայկական կողմին պաշտոնապես փոխանցել ենք բոլոր այն նյութերը, որոնք անհրաժեշտ են քննարկումների նախնական փուլը սկսելու համար»,- ասել է նա։
Լիխաչովն ընդգծել է, որ տեխնոլոգիաների, գործընկերոջ և նախագծի ձևաչափի ընտրությունը բացառապես Հայաստանի կառավարության լիազորությունն է։
Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» նաև դեմ չէ ապագա նախագիծը որպես միջազգային դիտարկելուն, ինչը ենթադրում է տարբեր երկրներից մատակարարների ներգրավում։
«Մենք պատրաստ ենք սա տեսնել որպես միջազգային ինտեգրված նախագիծ՝ համաշխարհային մատակարարների մասնակցությամբ»,- հավելել է նա։
Առայժմ, սակայն, հրապարակայնորեն չեն քննարկվում կոնկրետ ընկերությունների անուններ կամ նրանց հնարավոր մասնակցության մանրամասներ։ Լիխաչովի պարզաբանմամբ՝ դա կախված կլինի հայ պատվիրատուի և տեխնիկական բանակցություններ վարող մասնագետների պահանջներից ու ցանկություններից։
Որպես միջազգային համագործակցության օրինակ՝ նա հիշատակել է Ղազախստանում ատոմակայանի կառուցման նախագիծը, որտեղ նախատեսվում է ֆրանսիական, հարավկորեական և չինական արտադրողների մասնակցությունը։
Լիխաչովը նաև նշել է, որ ըստ «Ռոսատոմի» գնահատականների՝ ավելի երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարող է քննարկել նաև երկրորդ նոր էներգաբլոկի կառուցման հարցը։ Սակայն վերջնական որոշումն այս դեպքում ևս կայացնելու է ՀՀ կառավարությունը։



