Ռեստորանների հայկական միությունը առաջարկություններով դիմել է պատկան մարմիններին․ հայտարարություն
Ռեստորանների հայկական միությունը ստեղծված ճգնաժամից ոլորտը և հարակից սպասարկման ծառայությունները նվազագույն կորուստներով դուրս բերելու հնարավոր լուծումներ առաջարկելու համար հանդիպել է պատկան մարմինների և կառավարության ներկայացուցիչների հետ և ներկայացրել որոշ առաջարկություններ։
«Հյուրընկալության ինդուստրիայի մաս կազմող հանրային սննդի ոլորտի կայացումը որպես բարձրակարգ հանրային սպասարկման ծառայություն տևել է տասնամյակից ավել՝ ստեղծելով տասնյակ հազարավոր միջին և բարձր վարձատրվող աշխատատեղեր, լինելով այն եզակի ոլորտներից, որը հիմնական զբաղվածություն է ապահովում սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչներին (մասնագիտական կրթություն չպահանջող հաստիքներում՝ մաքրուհի, սպասք լվացող, բանվոր, մատուցող և այլն) և դառնալով Հայաստանը աշխարհին լավագույնս ներկայացնող բիզնես բնագավառ:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ռոստորանների միությունից, Հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կորոնավիրուսի համաճարակի ՀՀ-ում տարածման և ապա արտակարգ դրության առաջին իսկ օրերից հաշվի են առել հանրային շահերի առաջնահերթությունը և շարունակել օրինապաշտորեն կատարել իրենց սոցիալական և հարկային պարտավորություններն ու նաև իրականացրել բարեգործական նախագծեր՝ աջակցելով համաճարակից առավել տուժած մեր հայրենակիցներին։
Ստեղծված ճգնաժամից ոլորտը և հարակից սպասարկման ծառայությունները նվազագույն կորուստներով դուրս բերելու հնարավոր լուծումներ առաջարկելու համար Հայաստանի շուրջ 300 ռեստորաններ և սրճարաններ համախմբող ՌՀՄ-ն նախաձեռնել էր հանդիպումներ պետական պատկան մարմինների և կառավարության ներկայացուցիչների հետ, առաջարկելով հետեվյալը՝
1․ Հանրային սննդի ձեռնարկությունների համար սառեցնել առաջին եռամսյակի վերջին ամսվա և երկրորդ եռամսյակի շրջհարկի եվ եկամտահարկի վճարումը։
- ԿԲ-ի կողմից ցուցաբերել առավելագույն միջամտություն՝ չեղարկել ոլորտի ձեռնարկությունների վարկային միջոցների գոյացրած տոկոսները մարտ ամսի և երկրորդ եռամսյակի ընթացքում։
- Քննարկել ոլորտի ձեռնարկություններին անհրաժեշտության դեպքում արտոնյալ պայմաններով, անտոկոս վարկերի տեսքով կանխիկ դրամահոսքի ապահովման հնարավորությունը։
- Ոլորտի ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի մատնված աշխատակազմին տրամադրել դրամային փոխհատուցում պարապուրդի ժամանակ վճարվելիք աշխատավարձի կեսի չափով՝ գործատուին թողնելով մյուս կեսը վճարելու պարտավորությունը (աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածը սահմանում է պարապուրդի ժամանակ աշխատողների վճարումը. աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-րդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը):
Ցավոք, Կառավարության կողմից մարտի 26-ին ընդունված եվ հրապարակված՝ «Տնտեսվարողներին աջակցության միջոցառումներ» փաթեթները չեն պարունակում ներկայումս ճգնաժամի մեջ գտնվող հանրային սննդի և սպասարկման այլ ծառայությունների ոլորտին սատարող որոշումներ հետևյալ պատճառներով՝
- Կորոնավիրուսի պատճառով փակված և չգործող, շահույթ չստացող ձեռնարկությունները չեն կարող ներգրավել վարկային միջոցներ, այսպիսով էլ ավելի մեծացնելով վարկային բեռը և ֆինանսական պարտավորությունները, որոնք ստեղծված իրավիճակում չեն կարող կատարել
- Կառավարությունն առաջարկում է տոկոսով վարկ տրամադրել իր հանդեպ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով՝ հոգ չտանելով այն մասին, թե ինչպես է պարտքերի մեջ հայտնված և շահույթ չունեցող բիզնեսը հետագայում ևս կատարելու իր պարտավորությունները
- 5-րդ փաթեթով նախատեսված մեկանգամյա դրամաշնորհը, որը փաստացի կազմում է յուրաքանչյուր աշխատակցի համար մեկ ամսվա աշխատավարձի մինչև 20% -ը, չի կարող լուծել նույնիսկ կարճաժամկետ սոցիալական խնդիրներ, որի բեռը, փաստորեն, կրկին մնում է չաշխատող բիզնեսի վրա։
Ելնելով վերը նշյալից՝ կոչ ենք անում Կառավարությանը ևս մեկ անգամ դիտարկել մեր առաջարկները, որոնք միտված են ապահովել ոլորտի նվազագույն կենսունակությունը, ճգնաժամից դուրս գալու հնարավորությունն ու հետճգնաժամային զարգացումը»,- ասված է միության տարածած հայտարարության մեջ։