շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Քննարկում ենք աջակցության հարցը». ADM գործարանի աշխատակիցները դադարեցրին բողոքի ակցիան

«Քննարկում ենք աջակցության հարցը». ADM գործարանի աշխատակիցները դադարեցրին բողոքի ակցիան

Աբովյան քաղաքում բացված ADM Diamond ադամանդագործական ընկերության ավելի քան 100 աշխատակիցները, որոնք առավոտյան բողոքի ակցիա էին անում, արդեն իսկ զրուցել են ընկերության տնօրինության հետ, փոխհամաձայնության եկել ու դադարեցրել ակցիան։

 

Առավոտյան ADM ադամանդագործական ընկերության աշխատակիցներն ահազանգեցին, որ գրեթե երկու ամիս հարկադիր պարապուրդի են մատնվել, սակայն պետությունից հասանելիք աջակցությունը չեն ստացել։ Պատճառը ոչ թե կառավարության, այլ գործարանի հաշվապահների թերի աշխատանքն է. պարզվում է՝ հաշվապահությունը «սխալ» փաստաթղթեր է ներկայացրել կառավարությանը, ինչի հետևանքով էլ աշխատակիցները զրկվել են աջակցությունից։

Sputnik Արմենիան Աբովյան հասավ այն ժամանակ, երբ ակցիայի մասնակիցներն արդեն պատրաստվում էին տուն գնալ։

«Ձեզ կանչեցինք, բայց այդ ընթացքում խոսեցինք, հասկացանք իրար»,–ասացին նրանք։

Ընկերության փոխտնօրեն Արսեն Արտաշեսյանը հայտնեց` այս պահին խնդիր չունեն որևէ աշխատակցի հետ։

«Մեր հաշվապահների սխալի պատճառով` աջակցություն չի տրամադրվել։ Այսինքն` կառավարության որոշմամբ` մեզ պետք է հասներ աջակցություն, սակայն մեր հաշվապահները հաշվետվության մեջ սխալ ոլորտ են գրել, որին չի տրամադրվում աջակցություն»,- նշեց նա։

Փոխտնօրենի խոսքով` կառավարության հետ նույնպես խնդիրներ չկան, քանի որ պետությունը մինչև մայիսի 5-ը ժամանակ էր տրամադրել ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթերը։ Հաշվապահների տեխնիկակա՞ն, թե՞ անգործության հետևանքն է, որ աշխատակիցները զրկվել են աջակցությունից` դեռ հայտնի չէ։

 

Արտաշիսյանը, սակայն, հայտնեց, որ չեն պատրաստվում հաշվապահներին աշխատանքից ազատել կամ տույժ–տուգանքներ կիրառել. բոլորն էլ կարող են սխալվել։

«Այս պահի դրությամբ աշխատակիցների հետ քննարկվում է նրանց աջակցելու հարցը, ինչ եղել–եղել է, անցավ–գնաց»,–ավելացրեց փոխտնօրենը։


Հիշեցնենք, որ Աբովյանում գործող ընկերության պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2019–ի դեկտեմբերին, բացման արարողությանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործարանի հիմնադիրներն են Արտակ և Արմեն Բաղիկյանները, ընկերության գլխավոր գործընկերները Հնդկաստանից են։ 2017–ից գործող «Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունն աշխատում է սեփական հումքով:


  • Կիսվել: