ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քաղաքի բյուջեն անծայրածիր չէ. Մարության

Քաղաքի բյուջեն անծայրածիր չէ. Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար տարօրինակ է, որ մենք միշտ օրինակ ենք բերում  զարգացած երկրների քաղաքները, բայց ոչ մի զարգացած երկրի քաղաքում բակային տարածքները, նրա խոսքով, քաղաքային իշխանությունը չի մաքրում, այլ մաքրում է միայն քաղաքի փողոցները։ Այս մասին նա ասաց Երեւանի ավագանու նիստին:

Մարությանի խոսքով՝ բակային տարածքները մաքրում են այդ շենքերի համատիրությունները: Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դա մտնում է այդ շենքերում ապրողների սոցիալական պատասխանատվության եւ ֆինանսական պատասխանատվության մեջ։ Աննորմալ մեծ բյուջեի մասին է խոսքը։ Մենք կարող ենք դա անել, անհնար չի, բայց ինչքան աշխատող այս պահին ունենք, այդքան էլ պետք է վերցնենք, որ նաեւ կարողանանք բակային տարածքները նորմալ կերպով սպասարկել։ Դա բյուջեի ահռելի ավելացում է։

Եթե մենք պատրաստ ենք դրան, խնդիր չկա։ Բայց մենք մեր առաջ դրել ենք 5,2 միլիարդ նիշը եւ ցանկանում ենք պահել այն։ Եթե մենք պատրաստ ենք ասել՝ ոչինչ, մենք այդ 5,2-ը սարքում ենք 8,3, որոշենք, անենք։ Հիմա մարդիկ կասեն մենք այդքան գումար չունենք, որ համատիրությունների համար հավաքենք՛՛:

Քաղաքապետն ասաց, որ  քաղաքի բյուջեն անծայրածիր չէ։ ՛՛Այնպես չէ, որ գումարը թափվում է, մենք էլ չգիտենք՝ ինչպես ծախսենք։ Դա անենք, ուրիշ բան չենք անելու։ Այսօր խոսում էինք մանկապարտեզներից։ Ասում էինք՝ երեխաների անվտանգությունը կարեւոր է, եկեք վերանորոգենք մանկապարտեզները։ Համաձայն եմ, ամենակարեւորն է։ Իսկ վերելակը, երբ այդ երեխան մտնում է, իջնում է եւ գնում է մանկապարտեզ, կարեւո՞ր է, թե՞ կարեւոր չէ։ Հիմա ո՞ր մեկն անենք՝ վերելա՞կը, թե՞ մանկապարտեզը։ Որը անենք՝ բակի կանաչապատո՞ւմը, մաքրո՞ւմը, թե՞ վերելակը, թե մանկապարտեզը։ Ամեն ինչին գումար չկա։ Ամբողջ աշխարհի բախտը չբերեց, այս այլանդակ վիրուսը էլ ավելի խառնեց բոլոր խաղաքարտերը։ Եթե մենք 3 միլիարդ ավելի հավաքագրեցինք, այս տարի, պարոն Սարգսյանը ասում էր՝ էլ ավելի ենք հավաքագրելու, այն երեքը պահելու ենք, մի երեք էլ ավելացնելու ենք։

Հիմա չգիտեմ ոնց կլինի, չեմ ուզում միանգամից վատը ասել, կաշտախենք մի բան անել, բայց պարզ է չէ՞, որ եթե Գերմանիայի պես պետության տնտեսությունը սկսում է լավ անկում ապրել, չեմ կարծում, որ Հայաստանը ետ մնա դրանից։ Մենք էլ ենք անկում ապրելու, դա նշանակում է, որ մեր հավաքագրումներն էլ են անկում ապրելու, դա նշանակում է, որ մեր մտածած պլաններն անգամ չենք կարողանալու անել։ Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչքա՞ն մենք պետք է ամեն ինչ գցենք քաղաքային իշխանության վրա՛՛,-ասաց նա։

Ըստ Մարությանի խոսքով՝ Հարավ-արեւմտյան թաղամասում, Մալաթիա-Սեբաստիայի շենքերում այնքան մարդ է ապրում, որ մարդիկ կարող են պայմանավորվել ու հերթով բակը մաքրել, եւ  այն միշտ մաքուր կլինի առանց ոչ մի գումար ծախսելու։

  • Կիսվել: