հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար կձևավորվի հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր

Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար կձևավորվի հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր

Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունմամբ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար կձևավորվի հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր՝ իրականացվելիք գործողությունների հստակ հերթականությամբ և հնարավորինս պարզեցված պայմաններով՝ փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ: Քաղաքաշինական սուբյեկտների վարկանիշային դասակարգումը կսահմանի տվյալ սուբյեկտի քաղաքաշինական գործունեությունը՝ հաշվի առնելով դրա տեխնիակական հնարավորությունների, անձնակազմի մասնագետների փորձառությունը, կատարված աշխատանքները և այլ չափորոշիչներ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է յուրաքանչյուր քաղաքաշինական ոլորտի մասնագետների գործունեության, շարունակական որակավորմանն ուղղված հետևողական քայլերի ապահովմամբ (հետդիպլոմային մասնագիտական կրթության կարգ, հիմնական և նեղ մասնագիտությունների ցանկի հաստատում, շարունակական մասնագիտացման զարգացման կատարելագործման և լրացուցիչ մասնագիտացման անցկացման կարգ և պայմաններ, ուսումնական ծրագրեր, միջոցառումներ), լիցենզավորման գործընթացների հետագա կանոնակարգմամբ ու պարզեցմամբ, մասնագետների գրանցամատյանների ստեղծմամբ և վարմամբ կդյուրինացվի քաղաքաշինական սուբյեկտներում նրանց ներգրավման գործընթացը: Մասնավորապես, առաջարկվում է հստակ սահմանել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները:

Հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման, կամ առանց քանդման թույլտվության քանդման/ապամոնտաժման աշխատանքների կատարման նկատմամբ (պատվիրատուների և կատարողների) պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը, վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորման օրենսդրորեն ամրագրումը:

  • Կիսվել: