Ավինյանը նոր մասշտաբային նախագծի մասին է հայտարարել
Նորք-Մարաշը տարբերվում է Երևանի մյուս վարչական շրջաններից իր տարածքով և բնակչությամբ, սակայն այստեղ էլ բնակիչները կիսում են նույն հոգսերը և ունեն նույն խնդիրները, ինչ մեր մյուս քաղաքացիները, Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Քաղաքապետարանը մի շարք ծրագրեր է նախագծել, որոնք էապես կնպաստեն Նորք-Մարաշի տրանսպորտային ենթակառուցվածքներին և մշակութասպորտային կյանքին:

Հովսեփյան փողոցը և Սարալանջի շրջանցիկ ճանապարհը միացնող նոր ավտոճանապարհի կառուցումը կարևոր այլընտրանքային ուղի է, որի աշխատանքները կսկսենք շուտով:

Եվս մի մասշտաբային ճանապարհային նախագիծ էլ Նոր Նորքից սկիզբ առնող և Նորք- Մարաշով անցնող ճանապարհն է, որը միանալու է Մյասնիկյան պողոտային ուղեանցով (էստակադ)՝ էապես թեթևացնելով մի քանի ծանրաբեռնված ուղղություններով երթևեկությունը:
Նոր սպորտային համալիր է կառուցվելու հեռուստաաշտարակի հարևանությամբ, որը նմանօրինակ առաջին կառույցն է լինելու Նորք-Մարաշում:
Ֆուտբոլի նոր մարզադաշտ է կառուցվում 157 դպրոցի հարևանությամբ, իսկ 13-րդ փողոցի մարզադաշտի բարեկարգման համար նախատեսել ենք աշխատանքներ»,- գրել է նա: