շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քաղաքացու ահազանգի հիման վրա նմուշառված նրբերշիկներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության

Քաղաքացու ահազանգի հիման վրա նմուշառված նրբերշիկներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության

Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից կատարված շրջայցի արդյունքում կանադական նրբերշիկի 3 տարբեր խանութներից վերցրած նմուշները ուղարկվել են ԱՀ գյուղատնտեսության նախարարության Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա՝ համապատասխան փորձաքննության ենթարկվելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից՝ հավելելով, որ հոկտեմբերի 17-ին հայտնի են դարձել նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները:

«Ստացված փորձարկման արձանագրության համաձայն՝ նրբերշիկների 3 նմուշների մանրէաբանական ցուցանիշները համապատասխանում են մսի և մսաթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջներին և վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքի և առողջության համար: Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հարցմանն ի պատասխան, ինչպես Հանրապետական հիվանդանոցից, այնպես էլ «Արևիկ» մանկական բուժմիավորումից տեղեկացրել են, որ վերջին շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել»,-նշել են կոմիտեից՝ բնակչությանը հորդորելով սննդամթերքի հետ կապված ցանկացած կասկածի դեպքում զանգահարել Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի 50-99 կարճ հեռախոսահամարին:

Ավելի վաղ, սոցիալական ցանցերում քաղաքացու կողմից հաղորդագրություն էր տարածվել , ըստ որի խանութներում վաճառվող կանադական նրբերշիկը, անկախ այն հանգամանքից, որ պիտանելիության ժամկետն անցած չէ, ունի որակական բացասական հատկություններ: Հոկտեմբերի 11-ին այդ հաղորդագրության հիման վրա հիման վրա Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատանքային խումբը շրջայց էր սկսել տվյալ ապրանքատեսակի նմուշառման և լաբորատոր փորձաքննության ուղարկելու նպատակով:

  • Կիսվել: