երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Քաղաքացիների աշխատանքային իրավունքներն ամենից շատ խախտվում են շինարարության և առևտրի ոլորտներում

Քաղաքացիների աշխատանքային իրավունքներն ամենից շատ խախտվում են շինարարության և առևտրի ոլորտներում

Հայաստանում ամենից հաճախ հանդիպող աշխատանքային իրավունքների խախտումները կապված են աշխատավարձի, վերջնահաշվարկի չվճարելու կամ ուշ վճարելու, ինչպես նաև անօրինական աշխատանքից ազատելու հետ: Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը՝ ներկայացնելով ոլորտի խնդիրները:

«Տեսչական մարմինն իրականացնում է պլանավորած և չպլանավորած վերահսկողություն: Չպլանավորած վերահսկողությունը կատարվում է քաղաքացիների դիմումների, հրապարակումների հիման վրա: Ասեմ, որ քաղաքացիների կողմից բավական ակտիվություն կա: Ցուցանիշները խոսում են այն մասին, որ շատերն իրազեկված են ու խնդրի դեպքում դիմում են մեզ իրենց իրավուքները պաշտպանելու համար: Տեսեք, 2020 թվականին քաղաքացիների դիմումների հիման վրա ունեցել ենք 149 վարույթ, 2021 թվականին՝ 540, 2022 թվականին՝ 1393: Ինչպես երևում է, թիվը մի քանի անգամ ավելացել է: Սա խոսում է իրազեկման մակարդակի բարձրացման մասին»,-ասաց Սլավիկ Սարգսյանը:

Տեսչական մարմինը նախորդ տարի մոտ 3000 վերահսկողական գործընթաց է իրականացրել, որից 60 տոկոսը աշխատողների իրավունքի խախտումներին և անվտանգության պայմանների չպահպանմանն է առնչվում: Տեսչական մարմնի ստացած դիմում բողոքների մեծ մասը ևս աշխատանքի իրավունքների խախտմանն է վերաբերում:  Խախտումներն արձանագրվելուց հետո տեսչական մարմինը տալիս է կարգադրագիր: Եթե տվյալ խախտման համար օրենքով նախատեսված է տուգանք, ապա տեսչական մարմնում բացվում է վարույթ և գործատուն տուգանվում է: Տեսչական մարմնի ներկայացուցիչը 2022 թվականի գործերից առանձնացրեց աշխատողին չգրանցելու դեպքը, երբ գործատուն տուգանվել է 50 հազար դրամի չափով: Տուգանելու հետ կապված հաջորդ դեպքը վերաբերում է աշխատավարձն ուշ վճարելուն կամ վերջնահաշվարկ չկատարելուն: Այդ դեպքում գործատուն տուգանվում է այդ գումարի մեկ քառորդի չափով:

Տեսչական մարմինը համապատասխան մեթոդաբանությամբ ամեն տարի առանձնացնում է ռիսկային ոլորտները, որտեղ ավելի հաճախ են հանդիպում աշխատանքային իրավունքների խախտումներ: Ռիսկային ոլորտներն են շինարարությունը, առևտուրը, լեռնամետալուրգիան և այլն:

  • Կիսվել: