«Պռոշյանի կոնյակի գործարանը», «Չանախ» ՍՊԸ–ն և «Ա-Ս Փաուեր» ՍՊԸ–ն ազատվեցին մաքսատուրքից. որքան ներդրում են խոստանում
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 18–ի նիստում երեք ընկերությունների ազատեց մաքսատուրքից։ Խոսքը «Պռոշյանի կոնյակի գործարանի», «Չանախ» ՍՊԸ–ի և «Ա-Ս Փաուեր» ՍՊԸ–ի մասին է։
«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել խմիչքի և պահածոների արտադրության համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 567․6 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 652 աշխատատեղ՝ 310 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 660-ի՝ 320 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 567․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 49 մլն դրամ։
«Չանախ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կաթնամթերքի արտադրության համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 720 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար (ներառում է նաև ներմուծվող հումքի արժեքը)։ Ներկայումս առկա է 94 աշխատատեղ՝ 143 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 96-ի՝ 145 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 710 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 106․5 մլն դրամ։
«Ա-Ս Փաուեր» ՍՊԸ ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է կառուցել արևային ֆոտովոլտային կայան՝ կանաչ էներգիայի արտադրության նպատակով։ Ընկերությունը նախատեսվում է իրականացնել 1․5 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, ենթակային կառուցման, շինարարական և այլ աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 1 աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 6-ի՝ 120 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 153․7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 12․6 մլն դրամ։



