հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փոքր հողակտորների պատճառով գյուղատնտեսության ոլորտում ունենք անարդյունավետ տնտեսվարում․ Խաչատրյան

Փոքր հողակտորների պատճառով գյուղատնտեսության ոլորտում ունենք անարդյունավետ տնտեսվարում․ Խաչատրյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման խնդիրը՝ նշելով արտակարգ իրավիճակի, սահմանափակումների հետևանքով պարենային անվտանգության հարցի արդիականությունը։

Նրան ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան ասաց, որ կառավարությունը նախատեսում է Արարատի և Արմավիրի մարզերում իրականացնել պիլոտային ծրագիր, որի արդյունքում որոշակի տարածքներում համատեղ գործունեությունը կիրականացվի ավելի խոշորացված, հողամասերի միավորման եղանակով՝ տնտեսվարման արդյունավետությունը բարձրանելու նպատակով:

Խաչատրյանը նշեց. «Միանգամայն ճիշտ եք, որ հողերի փոքր չափերի պատճառով այսօր գյուղատնտեսության ոլորտում ունենք մեծամասամբ անարդյունավետ տնտեսվարում։ Այդ մասին հաստատում կա Կառավարության կողմից ընդունված Գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագրում այն տեսանկյունից, որ առաջիկա միջոցառումների զգալի մասը կոչված են լինելու հատկապես համատեղ տնտեսվարման կամ ավելի մեծ մասշտաբով գյուղատնտեսություն վարելու ճանապարհով արդյունավետության հասնելու խնդրի լուծմանը»։

Նախարարն ասաց նաև, որ գյուղատնտեսական կոոպերատիվների համար էապես տարբերվող, ավելի արտոնյալ ֆինանսավորման մեխանիզմներ են առաջարկվելու, մասնավորապես՝ կառավարության համաֆինանսավորման եղանակով։ Խաչատրյանն ասաց. «Նաև երակարաժամկետ ծրագիր ունենք մի քանի փուլով։ Առաջին փուլում մեզ անհրաժեշտ է ստեղծել հողերի բանկը, որտեղ կարող են ի վերջո հստակեցվել օգտագործվող և չօգտագործվող հողամասերի վերաբերյալ տվյալներ, որոնց սեփականատերերը ցանկություն ունեն առաջարկել այլընտրանքային օգտագործման եղանակ։ Կամավորության հիմունքներով մի կողմից հողերի նկատմամբ իրավունք ունեցող անձինք, մյուս կողմից հողերի նկատմամբ պահանջ ներկայացնող կազմակերպությունները կամ անձինք կարող են անցնել ավելի խոշորացված տնտեսվարման»:

  • Կիսվել: