ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փոփոխություններ էլեկտրաէներգետիկական համակարգի՝ սակագների հաշվարկման մեթոդիկայում. նախագիծ․ «Փաստ»

Փոփոխություններ էլեկտրաէներգետիկական համակարգի՝ սակագների հաշվարկման մեթոդիկայում. նախագիծ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է լրացում և փոփոխություններ կատարել իր՝ 2022 թ. նոյեմբերի 29-ի № 520-Ն որոշման մեջ: Դրանով հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայով նախատեսված է հաղորդողի՝ փաստացի գործունեությամբ պայմանավորված անհրաժեշտ հասույթի շեղման արդյունքում ձևավորված օգուտի կամ վնասի փոխհատուցում։ Վերջինիս մեծությունը պայմանավորող գործոններից է հաղորդման ցանցում էլէներգիայի կորուստների հաշվարկային և փաստացի արժեքների տարբերությունը։ 2023 թ. փետրվարի 1-ից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայում իրականացնում է էլեկտրաէներգիայի առևտուր՝ ընկերության կորուստների փոխհատուցման նպատակով։

Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի չկարգավորվող բաղադրիչում առևտրի իրականացման արդյունքում ընկերության մոտ կարող են առաջանալ օգուտներ, որոնք № 520-Ն որոշմամբ հաստատված, էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի համաձայն, ենթակա են նվազեցման ընկերության սակագներից։ Այս պարագայում ընկերությունը խթաններ չի ունենում հաղորդման ցանցի կորուստների համար էլէներգիան ձեռք բերելու հաղորդման ծառայության սակագների հաշվարկներում նախատեսվածից ավելի էժան գնով։

Հաշվի առնելով սա՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել №520-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայում և հաղորդման ցանցում էլէներգիայի կորուստների համար էլէներգիան սակագնի հաշվարկում նախատեսվածի համեմատ առավել էժան գնով ձեռքբերելու նպատակով նախատեսել խթանիչ կարգավորումներ հաղորդողի համար, որի արդյունքում առաջացած խնայողությունը դրական ազդեցություն կունենա նաև էլեկտրաէներգետիկական համակարգի մասնակիցների տնտեսական գործունեության և վերջնական սպառողների սակագների վրա։

Նախատեսվում է լրամշակել հաղորդողի՝ փաստացի գործունեությամբ պայմանավորված անհրաժեշտ հասույթի շեղման արդյունքում ձևավորված փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման մեխանիզմը և հաղորդման ցանցում էլէներգիայի կորուստների համար էլեկտրական էներգիան սակագնի հաշվարկում նախատեսվածի համեմատ առավել էժան գնով ձեռքբերելու արդյունքում առաջացած խնայողության 50 տոկոսը թողնել ընկերությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: