երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փոխվարչապետը՝ ՀՀ-ի վրա ՌԴ-ից հացահատիկի արտահանման արգելքի ազդեցության մասին

Փոխվարչապետը՝ ՀՀ-ի վրա ՌԴ-ից հացահատիկի արտահանման արգելքի ազդեցության մասին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցրեց, թե ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի պարենային անվտանգության վրա ՌԴ-ի այն որոշումը, որ  դադարեցվում է բոլոր հացահատիկային մշակաբույսերի արտահանումը։

Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նշեց, որ նման խնդիր առաջացել էր, և հարցը բարձրացվել է ԵԱՏՄ հարթակում։

 «Պայմանավորվածություն կա, որ նման իրավիճակները կբացառվեն, ուղղակի ռուսական կողմը խնդիր է դնում, որ այդ դեպքում ԵԱՏՄ տարածքում՝ յուրաքանչյուրս մեր սահմանի համար արտահանման արգելքներ  դնենք, որպեսզի չստացվի այնպես, որ ԵԱՏՄ երկրի միջոցով արտահանում է իրականացվում երրորդ երկիր։ Հարցի շուրջ կպայմանավորվենք ապրիլի 3-ին, իսկ այս պահին նման խնդիր չկա»,- ընդգծեց փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ որպես խնդիր մնացել է առողջապահական բնույթի սարքավորումների ներմուծման հարցը, որը քննարկվում է. «Դրա լուծումների մասով այս պահին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև խնդիրը ՌԴ-ում շատ խիստ է դրված, բայց կարծում եմ՝ ինչ-որ քվոտաների լուծումների կգանք»։

Արմեն Եղիազարյանը հարցրեց՝ նման պարագայում, ելնելով համաշխարհային իրավիճակից, ՌԴ-ն սահմանափակումներ է կիրառում, գուցե ՀՀ-ն նույնպես կարևորագույն նշանակություն ունեցող սննդամթերքի արտահանման համար սահմանափակումներ կիրառի և չթույլատրի արտահանումը։

Ի պատասխան փոխվարչապետն ասաց, որ այս  պահին նման խնդիր չկա։ «Բայց եթե նման խնդիր առաջանա, կարծում եմ, պարետը բավարար գործիքակազմ ունի, որպեսզի կարգավորի խնդիրը։ Շատ կարևոր է, որ ուշադիր և հավասարակշռված լինենք, որովհետև, եթե մենք նման գործողություններ անենք, այլ երկիր ևս անելու է: Պետք է հստակ գիտակցենք, թե ներմուծման, արտահանման բալանսն ինչպես ենք անում: Հընթացս կկառավարվի այդ հարցը: Այս պահին հաշվարկները ցույց են տալիս, որ միասնական որոշում կայացնելու խնդիր չկա»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը։

  • Կիսվել: