շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել և կարևորել Մուդիզի կողմից Հայաստանի վարկանիշավորման գործընթացը, որի շնորհիվ գնահատվում է երկրի կարևորագույն ոլորտներում իրականացված բարեփոխումների արդյունքներն ու ներկա իրավիճակը: Ըստ փոխվարչապետի՝ Մուդիզի փորձագետների կողմից իրականացված վերլուծությունների շնորհիվ նաև Կառավարությունն է ճշգտում իր գործունեությունն ու հետագա անելիքները:

Ներկայացնելով երկրում բարեփոխումների օրակարգը՝ Մհեր Գրիգորյանը շեշտել է առկա տնտեսական աճի միտումների կարևորությունը և Կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման մեծ ներուժը, որի իրացման ուղղությամբ ևս նախանշվել են բարեփոխումներ:

Մուդիզի փորձագետների խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին հարաբերություննների հիմնական շեշտադրումները: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, որն ունի հաստատված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և բարձր մակարդակի հարաբերություններ ԵՄ-ի հետ, կարող է հանդիսանալ կամուրջ երկու միությունների միջև:

Որպես առաջիկա տարիներին Կառավարության համար առաջնային ոլորտ փոխվարչապետն ընդգծել է կրթությունն ու գիտությունը և որպես ռազմավարական հարց ներկայացրել մտքերի ու գաղափարների արտագաղթի վերացումը:

Տնտեսության զարգացման համար, որպես առանջային խնդիր, Մհեր Գրիգորյանը նշել է նաև կապիտալի շուկայի լիարժեք ձևավորումը, որն, ըստ փոխվարչապետի, ֆինանսական և տնտեսական հատվածների արդիականացման թիվ մեկ ռազմավարական անհրաժեշտությունն է:

Մուդիզի փորձագետները շնորհակալություն են հայտնել երկրում առկա իրավիճակի համապարփակ ներկայացման համար և փոխվարչապետի հետ անդրադարձել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: 

  • Կիսվել: