երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ՊՈԱԿ-ների պատվիրած նախագծերի հետ կապված լուրջ թերություններ կան համալիր փորձաքննության փուլում. Ժաննա Անդրեասյան

ՊՈԱԿ-ների պատվիրած նախագծերի հետ կապված լուրջ թերություններ կան համալիր փորձաքննության փուլում. Ժաննա Անդրեասյան

Ընդհանուր առմամբ կապիտալ ծախսերը մշակույթի ոլորտում կազմել են 1 մլրդ 320 մլն 354 հազար դրամ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչու է ցածր կապիտալ ծախսերի կատարողականը մշակութային ժառանգության ոլորտում:

Նախարարն անդրադարձավ թերակատարումներին, նշեց՝ մեր հիմնական խնդիրները մի քանի ուղղություններով են:

«Գիտեք, շատ սպեցիֆիկ աշխատանքների հետ գործ ունենք, երբ խոսում ենք հուշարձան-շենքերի վերականգնման, ամրակայման նախագծերի մասին: Նախ՝ շատ սահմանափակ է շրջանակը, որոնք կարող են դիմել և մասնակցել նման մրցույթների: Երկրորդ՝ մենք ունենք բազմաթիվ հուշարձաններ, որոնք շատ կարևոր են, բայց գտնվում են շատ դժվարամատչելի վայրերում»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով՝ եղել են հուշարձաններ, որոնց համար 4-5 անգամ մրցույթ է հայտարարվում, և մասնակցության հայտի խնդիր է լինում:

Ինչ վերաբերում է թանգարանների մասով խնդիրներին, ապա հիմնական խնդիրը, ըստ Անդրեասյանի, նախորդ տարի գրանցվել է Ցեղասպանության թանգարանում՝ նախատեսված աշխատանքների մեկնարկի ուշացմամբ պայմանավորված, ինչն իր հերթին կապված է եղել նախագծի թերությունների հետ: 

«Ուզում եմ մատնանշել՝ երկու տիպի իրավիճակ ունենք՝ նախագծերի մի մասը իրականացվում է կա՛մ նախարարության, կա՛մ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակմամբ, նախագծերի մի փուլ կա, որը ՊՈԱԿ-ներն իրենք են պատվիրում: ՊՈԱԿ-ների պատվիրած նախագծերի հետ կապված լուրջ թերություններ կան համալիր փորձաքննության փուլում: Հիմա մենք վերջապես հասել ենք մրցույթի փուլ: Մոտ օրերս կհայտարարվի, բայց այստեղ մեր հիմնական թերակատարումը կապված է եղել Ցեղասպանության թանգարանում աշխատանքները սկսելու բարդության հետ»,- պարզաբանեց նախարարը:

Ինչ վերաբերում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին, հայտնեց՝ այդտեղ ևս տեղափոխման աշխատանքները բավական երկար են տևել:

«Որոշակի աշխատանքների հետ կապված ձգձգումներ էլ այդտեղ են եղել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ հիմնական խնդիրները կա՛մ օբյեկտիվ՝ մրցույթների ձգձգման, կա՛մ հայտարարելու ու կայանալու հետևանքով ժամանակային ձգձգումներն են, կա՛մ նախագծերի փորձաքննության գործընթացը:

  • Կիսվել: