շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պետությունը պետք է բիզնեսի հետ աշխատի․ Խաչատուր Սուքիասյան

Պետությունը պետք է բիզնեսի հետ աշխատի․ Խաչատուր Սուքիասյան

Կոռուպցիայի սխալ ընկալում կա եւ պատճառը պետական մարմինների դանդաղ աշխատանքն է, որ չեն հասցնում սպասարկեն բիզնեսին: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Բիզնեսը բիզնեսի հետ շատ լավ աշխատում է, այն ընկերությունները, որ գալիս են Հայաստանում աշխատելու, շատ գոհ են: Բայց երբ պետք է գնան վարկ վերցնեն, մի տեղ շինարարություն անեն կամ մի այլ բիզնես անեն, տարբեր մարմիններից պետք է թղթեր ստանա, այդտեղ խնդիր ունենք, սովետական մոտեցումներով են աշխատում»,-ասաց նա:

Սուքիասյանը նկատեց, որ անօրինականություն գործած ընկերություններից պետությունը միայն չվճարված հարկերն է գանձում. «Դրանից բացի դուք չեք ասում՝ այ ընկեր, դու մրցակցային դաշտում 10-20 կազմակերպության հետ մրցում էիր, դու էդ ժամանակ, որ անօրինականություն ես արել, նրանց հետ ես մղել, բա էդ կազմակերպությունների վնասը ո՞վ է հատուցելու»,-ասաց նա:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ամեն օր այդ ահազանգերն ստանում են, սակայն երբեմն իրավիճակը բարելավելու կառավարության մղումը բերում է վիճակն ավելի վատացնելուն. «Ձեր նշած բյուրոկրատական հիվանդությունները բուժելու համար, թե ի՞նչ միջամտություն պետք է անել, մենք պրոֆեսիոնալ կարողությունների պակաս ունենք: Սա էլ գալիս է նրանից, որ էն մարդիկ, որոնք բարձր պրոֆեսիոնալ են, չեն գալիս մեզ մոտ աշխատելու, գաիս են ձեզ մոտ աշխատելու, որովհետեւ ձեզ մոտ ավելի բարձր աշխատավարձ են ստանում»,-ասաց Փաշինյանը, հետո իրեն ճշտեց, ոչ թե ձեզ մոտ, այլ ձեր կողմից հիմնադրած կառույցներում:

«Այդտեղ էլ կոռուպցիայի հետ կապված հարց կա:Շատ խոչընդոտներ կան, որոնք ստեղծվել են կոռուպցիոն տրամաբանության պատճառով, այսինքն արհեստական խոչնդոտներ են ստեղծել, որ մարդիկ դրանցից ազատվելու համար ստիպված լինեն վճարել: Այստեղ շատ կարեւոր է իմանալ՝ ինչը փոխել, որ հարցը լուծվի»,-ընդգծեց վարչապետը:

Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց, որ պետությունը նորմալ չի հարաբերվում բիզնեսի հետ. «Շատ ժամանակ բողոքում են, որ հեռախոս չեն վերցնում, ինստիտուտները չեն աշխատում: Դա բերում է նրան, որ մարդը մտածում է՝  այ, նրան թույլ են տվել, մեզ հետ սկի կապի էլ դուրս չեն գալիս»:

  • Կիսվել: