շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պետությունը կփոխհատուցի աշնանացան ցորենի մշակության ծախսերը 50 տոկոսով. Դա չի վերաբերում Արմավիրի եւ Արարատի մարզերին

Պետությունը կփոխհատուցի աշնանացան ցորենի մշակության ծախսերը 50 տոկոսով. Դա չի վերաբերում Արմավիրի եւ Արարատի մարզերին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում վերաբաշխում կատարեց 2022-ի բյուջեի մասին օրենքում, որը վերաբերում է Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրով ֆինանսական միջոցներ տրամադրելուն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակն է նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել բոլոր մարզերում, բացառությամբ Արարատի և Արմավիրի:

«Հոկտեմբերի 25-ի դրությամբ արդեն ընդունել ենք ծրագրի շահառուների դիմումները»,- ասաց նախարարի տեղակալը: 

«Ցավոք սրտի, մենք գյուղատնտեսության ոլորտում շարունակում ենք անկման դինամիկայի մեջ մնալ՝ ի հեճուկս ընդհանուր տնտեսական ցուցանիշների, մասնավորապես, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին մենք գյուղատնտեսական արտադրանքի 0,7 տոկոսի անկում ենք արձանագրել, և ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա: Մեր ամենօրյա աշխատանքի կարևոր թեմաներից մեկը պետք է լինի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանը շեշտեց, որ ընդհանուր առմամբ տնտեսական իրավիճակը մեր երկրում լավ է: 2022 թ. սեպտեմբերին արձանագրել ենք 14,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 2022 թ. հունվար-սեպտեմբերին՝ 2021 թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, 14,1 տոկոսով աճ ունենք: Ընդ որում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10 տոկոսով: Շինարարության ծավալը՝ 14,3 տոկոսով, առևտրի շրջանառությունն աճել է 14,5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 27,1 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 16,9 տոկոսով, արտահանումը՝ 63,8 տոկոսով, ներմուծումն աճել է 61,6 տոկոսով:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ աշխարհաքաղաքական իրադրությունն աշխարհում հանգեցնում է պարենի պակասի և գների աճի։ Հայաստանը ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների առումով սերտորեն կապված է ռուսական շուկային: ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրի կառուցվածքում ՌԴ մասնաբաժինը 2021-ին կազմել է՝ արտահանում՝ 28% և ներմուծում՝ 37.2%, Պարենային ապրանքներից Հայաստանը ՌԴ-ից ներմուծում է ցորենի 99%-ը, եգիպտացորենի 80%-ը։

Ծրագրով նախատեսվում է ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի մարզերի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի (շուրջ 50%) փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը, մասնավորապես՝ հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի։

Փոխհատուցման գործընթացը կիրականացնեն համայնքները՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ 1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ՝ գնահատված  ծախսերի շուրջ 50 տոկոսը։ Հաշվարկը կատարվել է հեկտարի հաշվով 300 կգ սերմացուի, 250 կգ ազոտական պարարտանյութի և շուրջ 70լ դիզելային վառելանյութի չափաքանակներով։

2022 թվականին ծրագրով նախատեսվում է տրամադրել փոխհատուցում 27,500 հեկտար հողատարածքում աշնանացան ցորենի ցանք կատարելու համար, մասնավորապես՝ 10,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքի դիմաց՝ 1,2 մլրդ դրամ, իսկ չհավաստագրված սերմերով 17,500 հեկտար ցանքի դիմաց 1,225 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ փոխհատուցման գումարը 2022 թվականին կկազմի 2,425 մլրդ դրամ։

Ընդհանուր առմամբ ծրագրի բյուջեն 2022 թվականին կկազմի 2 մլրդ 497 մլն 750 հազար դրամ։

Նախագծի ընդունման արդյունքում աշնանացան ցորենի 1 հա-ի մշակության ծախսերի, մասնավորապես, սերմի, պարարտանյութի, դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ կավելանան 27,500 հա-ով աշնանացան ցորենի ցանքատարածությունները, ինչպես նաև տեղական արտադրության ցորենի ծավալները և տնտեսավարող սուբյեկտների եկամուտները, կապահովվի ցորենի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը։

 

  • Կիսվել: