Պետական պարտքը երեք ամսում ավելացել է 4.4%-ով, կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ. Վահե Հովհաննիսյան
Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ:
Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: 2024 թ արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսային կետով»,-ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ պարտքի ներգրավումն ու ծավալները պլանավորված են ՀՀ բյուջեով, միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ:
Նախարարն ընդգծեց նաև, որ ընդհանուր պարտքի մեջ ներքին պարտքի մասնաբաժինն աճել է՝ հասնելով 50 տոկոս մակարդակի: Հովհաննիսյանը սա բավականին լավ ցուցանիշ համարեց:
«Մեր նման երկրներում ներքին պարտքը կազմում է 20-30 տոկոս: Մեզ մոտ ևս նույն մակարդակն էր, վերջին տարիներին կարողացել ենք այս մասնաբաժինը մեծացնել, ինչը որոշակիորեն մեղմացնում է արտարժութային ռիսկերը»,-ասաց նախարարը: